Մասնագետը Երևանի, այլ քաղաքների նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության առումով խնդիրներ չի տեսնում

Shenqer

 Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության կառույցների սեյսմակայության վարչության գլխավոր մասնագետ Արմեն Խաչատրյանը Հայաստանի նորակառույց շենքերի սեյսմիկ կայունության և դիմացկունության հետ կապված խնդիրներ չի տեսնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Խաչատրյանը, խոսելով մայրաքաղաք Երևանի մասին, ասաց, որ շենքերի զգալի մասը կառուցվել է դեռևս խորհրդային տարիների սեյսմիկ նորմերով:

«Երևանի շենքերի մեծ մասը չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ վտանգների պահանջներին, ինչն էլ իր հերթին հանգեցնում է սեյսմիկ խոցելիության աստիճանի բարձրացմանը: Մայրաքաղաքում մի քանի բալ երկրաշարժ լինելու դեպքում կարող ենք շատ կորուստներ ունենալ: Այս առումով շատ խիստ կարևորվում են շենքերի մշտադիտարկումը, տեխնիկական վիճակի համալիր գնահատումը և միջոցների ձեռնարկումը: Գոյություն ունի համաշխարհային նոր մեթոդ, որը կոչվում է շենքերի ռեիննովացիա, այսինքն՝ հին շենքերը ենթակա են ուժեղացման: Այս ամենն էլ կհանգեցնի սեյսմիկ ռիսկի մակարդակի, խոցելիության նվազեցմանը»,- նշեց Խաչատրյանը:

 Այս ամենին զուգահեռ, մասնագետը վստահեցրեց, որ նորակառույց շենքերի շինթույլտվությունը, ինչպես նաև նախագծերի տեխնիկական փորձաքննությունը լիովին բավարարում են գործող սեյսմիկ նորմերին: Օրինակ բերելով Գյումրու նորակառույց շենքերը՝ նա շեշտեց, որ դրանց սեյսմիկ կայունության և դիմացկունության հետ կապված խնդիրներ չի տեսնում:

«Նոր շենքերը կառուցված են բոլոր նորմերին համապատասխան, ինչպես որ հարկն է»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Ձեզ կհետաքրքրի...