ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս` այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում կամ համայնքներն իրար միավորող ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների (նաև դրոշների ու ցուցանակների) առկայությունը, առավել ևս` այդ ճանապարհներով նրանց ցանկացած տեղաշարժ պետք է բացառվի և վերջ:
Նրանք այդտեղ են հայտնվել Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակիչների և զինվորականների իրավունքների կոպիտ խախտումների, էթնիկ զտումների ու խաղաղ բնակավայրերը զանգվածային ավերելու, ինստիտուցիոնալ շարունակվող հայատյացության, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, գերիներ ապօրինի պահելու ու նոր պատերազմի սպառնալիքների հաշվին:
Ադրբեջանական զինվորականների ներկայությամբ շարունակվում են կոպտորեն խախտվել Հայաստանի` առաջին հերթին սահմանային բնակիչների իրավունքները, կամ դրանք լրջորեն վտանգած են (սեփականության խախտումներ, կրակոցներ և այլն), խաղաղ կյանքն ու անդորրը:
Հետևաբար, ինչ էլ ուզում է լինի` նրանց ցանկացած ներկայություն կամ, առավել ևս, տեղաշարժ ապօրինի է, զուրկ է իրավական որևէ տիտղոսից, հակասում է միջազգային իրավունքում մարդու իրավունքների համակարգի հիմքերին: