Եթե էական խանգարող հանգամանք չլինի, ապա Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցումն ամիսներ անց պատրաստ կլինի. մարզպետ

Nerqin Karmraghbyur

 Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի պուրակի շինարարության հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչը երեկ զայրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

2020 թ. հուլիսին տեղի ունեցած Տավուշյան մարտական գործողություններից հետո ՀՀ կառավարությունը սկսեց մարզի սահմանամերձ համայնքներում պատերազմի հետեւանքով առաջացած վնասները վերականգնել, բացի այդ, նախատեսվել էր նաեւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կառուցել: ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի որոշմամբ 82 մլն 680 հազար դրամ հատկացվեց Ներքին Կարմիրաղբյուր համայնքում պուրակի կառուցման եւ Չինարիում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման եւ տարածքի բարեկարգման համար: Դրանից 18 մլն դրամը նախատեսված էր հենց կոնկրետ պուրակի կառուցման համար: Այդ ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կհիմնենք ավերված տներից մեկի տեղում, որովհետեւ այդտեղ մարդ չի ապրում, մենք կգնենք այդ տարածքը սեփականատիրոջից եւ կնվիրենք գյուղին»:

2020 թ. սեպտեմբերի 7-ին վարչապետը Տավուշի մարզի Բերդ համայնքում տեղի ունեցած «Երեւանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ, հույս ունեն, որ Ներքին Կարմիրաղբյուրը կունենա ժամանակակից զբոսայգի, որն իրենք անվանում են «մայրիկների եւ զավակների» զբոսայգի:

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանից հետաքրքրվեց, թե  պուրակի շինարարությունն ինչ ընթացքի մեջ է:

Ղուլարյանը նշեց, որ որոշակի խնդիրներ են առաջացել գույքի գրանցման հետ, եւ մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանան աշխատանքները սկսել:

«Սեփականատերերի հետ կապված խնդիրներ են, դատական պրոցեսներ են: Ժառանգության հետ կապված խնդիրներ կան»,- ասաց Ղուլարյանը:

Արձագանքելով՝ վարչապետն ասաց. «Ի վերջո, այդ հարցը լուծվելո՞ւ է»: Ղուլարյանը դրական արձագանքեց, այնուհետեւ վարչապետը հետաքրքրվեց. «Բա մինչեւ հիմա ինչի՞ չի լուծվել»:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ասաց, որ իրենց դաշտում չէ խնդիրը. «Բա ո՞ւմ դաշտում է, եթե ձեր դաշտում չէ: Գնացել ենք, մարդկանց խոստացել, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը՝ հաստատել, տեղում նայել ենք, համաձայնությունները ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչեւ հիմա արվա՞ծ չէ»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ հետամուտ լինել, ճշտել եւ զեկուցել:

Վարչապետն ասաց՝ այդպես չի լինի. «Մենք օգոստոս-սեպտեմբերին գնացել, նայել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է՝ մինչեւ հիմա գրանցման հարց կա՞: Պետք չէ պարզել ու զեկուցել, պետք է գնալ եւ լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ: Չեմ հասկանում, ուղղակի գումարը տրված է, պայմանավորվածությունները ձեռք բերված են, տունը գնված է, նախագիծը հաստատված է, գյուղացիներն ուզում են, որ պուրակը լինի, բայց գործն առաջ չի գնացել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ պուրակի կառուցման հետ կապված խնդիրը պայմանավորված է որոշումներով եւ այդ որոշումներից բխող ընթացակարգերով:

«Ի սկզբանե նախատեսված էր պուրակը կառուցել 642 քմ տարածքի վրա, սակայն վարչապետի այցելությունից հետո մենք ներկայացրինք եւս մի տարածք, որին միացնելուց հետո շատ ավելի մեծ արդյունք ենք ստանում բնակավայրի համար, որի արդյունքում պուրակի մակերեսը մեծանում եւ դառնում է 2105 քմ»,- ներկայացրեց մարզպետը:

Ըստ նրա՝ վարչապետի համաձայնությունից հետո սկսել են ընթացակարգով շարժվել, հողատարածքներից մեկում գրանցման աշխատանքները լիարժեք՝ շատ արագ իրականացվեցին եւ այժմ գտնվում է կադաստրային գրանցման փուլում, իսկ հողատարածքի մյուս մասի հետ կապված խնդիր է առաջացել, քանի որ դրա տերը մահացել էր. «Համայնքի կողմից բանակցություններ են տարվել սեփականատերերի փաստացի իրավահաջորդ հանդիսացող մերձավոր բարեկամների հետ: Ձեռք է բերվել համաձայնություն նշված հողատարածքը համայնքին տրամադրելու հետ կապված, ինչը պատշաճ ձեւով փաստագրվել է»:

Չոբանյանի խոսքով՝ խնդրի վերջնական լուծումն ապահովելու համար համայնքը դիմել է դատարան՝ հողատարածքը տիրազուրկ ճանաչելու եւ որպես համայնքային սեփականություն ճանաչելու նպատակով. «Այդ ընթացքում միաժամանակ իրականացվել են հողային աշխատանքներ, որից հետո հայտնի պատճառներով՝ տարեվերջին որոշակի ծանրաբեռնվածություն ունեցանք այլ աշխատանքներով, եւ ընդհանրապես շինարարական աշխատանքներն ու ֆինանսավորումները կանգ առան՝ առաջնահերթությունների փոփոխության պատճառով»:

Մարզպետն ասաց, որ պատրաստ է Կառավարության որոշման նախագիծ, որն առաջիկա օրերին կներկայացվի Կառավարություն. «Կարծում եմ՝ մինչեւ շինարարական աշխատանքների սեզոնի սկսվելը՝ մինչեւ գարուն, ե՛ւ դատական գործընթացները կավարտվեն ե՛ւ Կառավարության որոշումը ընթացք կստանա ու որեւէ խնդիր չենք ունենա այդ աշխատանքները շարունակելու եւ ավարտին հասցնելու հարցում»:

Հարցին՝ ի՞նչ որոշման նախագիծ է ներկայացվելու Կառավարություն, նա պատասխանեց. «Բյուջետային գործընթացով այսպես է, երբ տարին ավարտվում է մենք պարտավոր ենք գումարը վերադարձնել պետական բյուջե՝ հաջորդ տարվա համար նորից ստանալու հնարավորությամբ, այդպես էլ արվել է: Քանի որ իմ նշած հանգամանքներով պայմանավորված՝ հնարավորություն չենք ունեցել շինարարության համար նախատեսված բյուջեն ծախսել՝ մենք դա հետ ենք ուղարկել Կառավարություն, մինչեւ այդ ընթացակարգերի ավարտը»:

Նրա խոսքով՝ արդեն Կառավարության նոր որոշում կլինի, մնացած գումարը կստանան եւ պայմանագիր կկնքեն շինարարական կազմակերպության հետ ու այդ աշխատանքներն ավարտին կհասցնեն:

Հարցին՝ ե՞րբ այդ պուրակը պատրաստ կլինի, մարզպետը պատասխանեց, որ ժամկետների ձգձգումը ընթացակարգային խնդիր էր եւ հիմնականում պայմանավորված էր այդ տարածքի տիրոջ մահանալու փաստով. «Բոլորս գտնում ենք, որ այդ աշխատանքը կարող էր շատ ավելի շուտ իրականացվել, եթե այսպիսի արհեստական դժվարություններ չունենայինք: Բյուջետային տարին նոր է սկսվել, այնպես կանենք, որ մարտ ամսից կարողանանք վերականգնել բոլոր աշխատանքները եւ հնարավորինս կարճ ժամկետում ավարտենք»:

Չոբանյանն ընդգծեց, որ հողի մի մասում կատարվել են հողային աշխատանքները, իսկ մյուսում՝ քանդման աշխատանքները. «Հողատարածքների գնումն իրականացվել է բարեգործական միջոցներով: Առաջին հողի համար վճարումը կատարվել է հողի տիրոջը, երկրորդ հողի համար՝ իրավահաջորդ հանդիսացող անձանց: Հիմա սպասում ենք հողատարածքը տիրազուրկ ճանաչելու գործընթացին»:

Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանն էլ մեր զրույցում ասաց, որ հենց պուրակի աշխատանքները սկսվեն՝ 2-3 ամսում կավարտեն այն:

Առաքելյանի խոսքով՝ նախատեսվում է ժամանակակից պուրակ կառուցել. «Կարող է Հայաստանում նման այգի չլինի էլ»:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...