Բացառիկ դեպք Վարդաշենի «միլիցեքի բանտում». դատապարտյալը իրեն դրել է «Կոմս Մոնտե Քրիստո»-ի տեղը, մոռանալով, որ ինքը «Իֆ» ամրոցում չէ. նրա փախուստի փորձը բանտի աշխատակիցները կասեցրեցին.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Վարդաշեն» (ժողովրդին հայտնի «միլիցեքի բանտ») քրեակատարողական հիմնարկում: Քրեակատարողական ծառայությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ դատապարտյալներից մեկը պլանավորել է բանտից իր փախուստը: Քրեակատարողական ծառայության աշխատակիցները վստահ լինելով իրենց աղբյուրի տված տեղեկության վրա, զննության են ենթարկել բանտախուցը, ինչի արդյունքում խցի տարբեր հատվածներում թաքստոցներ են հայտնաբերել, որտեղից էլ դուրս է բերվել փախուստի իրականացման համար նախատեսված մետաղյա ինքնաշեն լինգ և այլ գործիքներ, որոնք, հավանաբար, պատրաստված են եղել դատապարտյալի կողմից խցում եղած տարբեր պարագաներից: Զննության արդյունքում սանհանգույցի առաստաղի մի հատվածում հայտնաբերվել է մեծ չափերի անհարթ եզրերով անցք: Այն քողարկելու նպատակաով դատապարտյալը առաստաղից նախապես պոկած բետոնե բեկորներով անցքը փակել է, իսկ անցքի արտաքին մասը քողարկել է առաստաղի գույնի համապաստախան նրբատախտակով: Սանհանգույցի այդ հատվածի թաքստոցում հայտնաբերվել են նաև փախուստի իրականացման համար նախատեսված այլ գործիքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ դատապարտյալը ոստիկանության նախկին ծառայող Էդգար Վարագյանն է, ով դատապարտվել է 15 տարի ազատազրկման՝ անձին առևանգելու, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակությամբ ավտոմեքենային տիրանալու համար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ նշված բանտ տեղափոխվելը, նա 2018 թ.-ին եղել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և այդ թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:30-ի սահաններում, երկրորդ հարկում գտնվող խցի արտաքին պատը նախապես քանդելու եղանակով մուտք էր գործել արգելագոտի և մոտ 2,5 մետր բարձրությամբ պատը հաղթահարել էր մագլցելով, այնուհետև անցնելով շուրջ 200 մետր, հաղթահարել էր փշալարերի առաջին արգելապատնեշը և մտել հսկիչ հետքային արահետ: Դրանից հետո հագուստներով մեկուսացվել էր բարձր լարման տակ գտնվող փշալարերից և երկրորդ արգելապատնեշը նույնպես հաղթահարել էր, այս դեպքում, սակայն, իրեն «Կոմս Մոնտե Քրիստո»-ի տեղը դրած, ծանր հանցագործության համար մեղադրվող ոստիկանը չի կարողանում մյուս արգելքները հաղթահարել, քանի որ Նուբարաշենի բանտի պահպանության ապահովման բաժնի առաջատար կրտսեր մասնագետները նրան հորդորում են տեղից չշարժվել ու երբ մոտենում են նրան, Է. Վարագյանը ձեռնամարտի է մտնում բանտի աշխատակիցների հետ և հացի խմորից պատրաստված, սև գույնի ներկված, իրականից գրեթե չտարբերվող ատրճանակի նմանվող զենքը սպառնալիքով աշխատակցներից մեկի մարմնին հպելով՝ պահանջել է, որպեսզի բանտի ծառայողները չխոչընդոտեն իր փախուստը: Այնուամենայնիվ, բանտի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կանխվել է նրա փախուստը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: