Չարենցավանի հաստոցաշինականից հերքում են ցույցի գնալուց հրաժարվելու պատճառով աշխատակցին աշխատանքից հեռացնելու մասին լուրը
Չարենցավանի հաստոցաշինական գործարանի որևէ աշխատակցի այսօր Հանրապետության հրապարակում կայանալիք ցույցին մասնակցել որևէ մեկը չի ստիպել՝ հակառակ մամուլում շրջանառվող լուրերի՝ 1lurer.am-ի հետ զրույցում նշեց գործարանի տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը:
«Տվյալ երիտասարդը աշխատանքի եկել է ընդամենը մեկ օր ու մի անգամ, որից հետո մեր պահակակետի պետին փոխանցել է, որ աշխատանքը ծանր է իր համար, ու ինքը չի ուզում այդ աշխատանքը կատարել»,- նշեց Մեհրաբյանը՝ հավելելով, որ երիտասարդը աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել ու դեռ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի աշխատակից է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե առավոտյան Չարենցավանի հաստոցաշինական գործարանի պահպանության աշխատակից Գևորգ Պեպոյանին, որը «Հայրենիք» կուսակցության անդամ է, տեղեկացրել են, որ ազատված է աշխատանքից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրավիրված հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար: