Վերանայվել է հողի վրա ազդեցության տնտեսական գնահատումը․ 50 անգամ վճարները բարձրացվել են․ նախարար (տեսանյութ)
««Աղտոտիր, վճարիր» սկզբունքով քաղաքականությունը փոխվում է»,- այս մասին ԱԺ Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինակայնությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
«Եթե նախկինում օրենսդրությունը կառուցված էր այնպես, որ «վճարիր որոշակի գումար և աղտոտիր», ապա այժմ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում օրեսդրության մեջ, որպեսզի կանխարգելիչ լինի, և ոչ թե աղտոտեն և դրա համար վճարեն»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ օրենսդրորեն կարգավորվել է, որ մետաղական օգտակար հանածոները արդյունահանող կազմակերպությունները եռամսյակը մեկ պետք է պարտադիր մոնիթորինգ անցկացնեն, պարզելու՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։
«Այդ մոնիթորինգը պետք է իրականացվի արտոնագրված լաբորատորիաներում։ Եվ այդ պահանջը չկատարելը պայմանգրի մաս է հանդիսանում։ Այսինքն՝ եթե մինչև հիմա շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը ստանալուց հետո, մինչև այդ հանքի փակումը, պետությունը մեծ ներգրավածություն չուներ, բացառությամբ ստուգումների, ապա այժմ եռամսյակը մեկ մետաղական հանածոների դեպքում և տարեկան ոչ մետաղականի դեպքում կարող են ընթացիկ իրավիճակը ուսումնասիրել»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից փոփոխություններ են կատարվել նաև հողի վրա ազդեցության տնտեսական գնահատման վերաբերյալ, որի արդյունքում 50 անգամ վճարները բարձրացվել են։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց նաև երկրորդ փոփոխությունւը, որը վերաբերում է ջրերի վրա ազդեցությանը։
«Սահմանվել է ավել ջրի օգտագործման համար տնտեսական վնասը։ Մակերևութային ջրերի համար 1 խորանարդ մետրը 2 դրամ կկազմի»,- նշեց նախարարը։
«Եթե որևէ տնտեսվարող մեկ խորանարդ մետր վայրկյան ավել ջուր է օգտագործում, դա միայն հանքարդյունաբերությանը չի վերաբերում, դա վերաբերում է նաև ձկնաբուծությանը, ՀԷԿ-երին և մյուսներին, տուգանքը մոտ 70 մլն դրամ է, նախկինում 50 000 կամ 100 000 դրամ էր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։