Կարող ենք ներդրում ունենալ Կովկասի խաղաղության ջանքերում. Էրդողանը` Մակրոնին
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին հանդիպումը:
Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հաղորդագրությունը:
Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյակին: Նրա խոսքով՝ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:
«Մենք՝ որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության և խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների կյանքի և գույքի անվտանգությանը»,- ասել է Էրդողանը: