Սպայկայի պարզաբանումը՝ զոհված զինծառայողների դիերն իր սառնարաններում պահելու վերաբերյալ

Սպայկա ընկերության հայտարարությունը

 

Սպայկա ընկերությունը պատերազմի առաջին իսկ օրերից սկսած իր ունեցած բոլոր ռեսուրսներով աջակցել և անհատույց իր ծառայություններն է մատուցել ի օգուտ հայկական երկու հանրապետությունների՝ կազմակերպելով և իրականացնելով լոգիստիկ աշխատանքները:`

2020 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 9-ը Ընկերության կողմից անհատույց կերպով սեփական միջոցներով իրականացվել են  բեռնափոխադրումներ ՀՀ-ից դեպի Ստեփանակերտ և Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ` հասցնելով ավելի քան 10 հազար տոննա բեռներ:

Յուրաքանչյուր բեռնափոխադրում վարորդների համար եղել է կյանքի ու մահվան կռիվ, ինչի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում նրանցից յուրաքանչյուրին: Ցավոք սրտի, պատերազմի ընթացքում զոհվել են ընկերության չորս աշխատակիցներ, որոնցից երկուսը՝ վարորդ:

Մեծ խոչընդոտներ հաղթահարելով` Ընկերությունն անմիջապես ստանձնեց   «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենաները  ՌԴ-ից  ՀՀ, այնուհետև Ստեփանակերտ  բեռնափոխադրելու  խնդիրը՝ ամբողջ ծառայությունը կատարելով անհատույց:

 

Սպայկա ընկերության կողմից ռազմաճակատ է ուղարկվել նաև սեփական միջոցներով ձեռքբերված  հումանիտար  օգնություն՝ շուրջ 185  տոննա սնունդ, 45 տոննա դեղորայք, «ՈԻԱԶ» մանկիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև Ընկերության կողմից նախագծված և պատրաստված 17 միավոր հատուկ տեխնիկական միջոցներ: Բացի այդ, Արցախի ՊԲ-ին անհատույց տրամադրվել են  2 միավոր սառնարանային կիսացկորդ, 8X8  եզակի  հատուկ տեխնիկա և 3 միավոր սառնարանային կիսակցորդ էլ տրամադրվել է ՀՀ ՊՆ կարիքների համար:

Սառնարային կիսակցորդների մասով անհրաժեշտ ենք համարում վերջնականորեն պարզաբանել հետևյալը՝ սառնարային կիսակցորդները տրամադրվել են պետական մարմիններին վերջիններիս հայեցողությամբ ռազմական դրությամբ պայմանավորված պետական  կարիքների  լուծման  համար:

 

Ընկերության կողմից Հայաստանին և Արցախին տրամադրված նյութական օժանդակությունը դրամային արտահայտությամբ կազմել է  ավելի քան 2 միլիարդ ՀՀ դրամ:

Նշված աշխատանքերն իրականացնվել են Ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի անմիջական  ղեկավարությամբ  ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով, որը 24 ժամ կոորդինացրել է լոգիստիկ աշխատանքներն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության,  ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Ռազմաարդյունաբերության կոմիտեի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Վրաստանում ՀՀ դեսպանատան, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակի, տարբեր համայնքների և այլ մարմինների ու կազմակերպությունների հետ:

Ընկերությունը շարունակում է զարգացման տարբեր ծրագրեր իրականացնել և համագործակցել Հայաստանի ավելի քան 80 համայնքների հետ և սատարում է  Արցախի գյուղատնտեսության վերականգմանը:

 

Անկախ երկրում տիրող քաղաքական  միջավայրից  Ընկերությունն իր գործունեության հիմնական առաքելությունն է համարում մեր հայրենիքում հզոր և կայուն տնտեսության կառուցմանն աջակցելը:

Սույն հայտարարությամբ մասամբ բացելով որոշակի փակագծեր՝  Ընկերությունը հորդորում է զերծ մնալ Ընկերության անունը և գործարար համբավն անհիմն շահարկելուց:

Սպայկան  կանգնած է եղել և շարունակում է կանգնած լինել Հայաստանի և Արցախի, հայոց բանակի և հայ զինվորի կողքին՝ կատարելով իր հնարավորություններից ավելին առանց որևէ ակնկալիքի հանուն հայկական պետականության կայացման:

 

Ձեզ կհետաքրքրի...