Թուրք-ադրբեջանական պատերազմն Արցախում հանգեցրել է մարդասիրական աղետի. Vice

Aghet

Vice պարբերականը հոդված է հրապարակել Եվրոպայի` միջազգայնորեն չճանաչված այն երկրների մասին, որտեղ բնակվում է 6.5 մլն քաղաքացի:

Խորհրդային Միության և Հարավսլավիայի փլուզումից հետո ստեղծվեց 21 անկախ պետություն: Սակայն մեկ տասնյակից ավելի ազգեր ու էթնիկ խմբեր կան, որոնց ինքնիշխանության պահանջներն անկատար մնացին: Որոշ ազգեր խաղաղ համակեցություն սկսեցին Արևելյան Եվրոպայի նոր սահմաններով: Իսկ մյուսներն էլ էթնիկ պատերազմի մեջ մտան՝ զավթիչներին իրենց հայրենիքից դուրս վռնդելու համար: Արևելյան Եվրոպայի վեց վիճահարույց շրջաններից յուրաքանչյուրը եզակի պատմություն ունի: Դրանցից մեկն էլ Լեռնային Ղարաբաղն է, որը փորձում է հանգիստ կյանք վարել:

Պարբերականը նշում է, որ Եվրասիայի խաչմերուկում՝ Կովկասյան լեռնաշղթայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավելի քան 30 տարի շարունակ երկարատև հակամարտություն է ընթանում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար: Հոդվածագիրն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված է և ղեկավարվում է հայերով: Հայ ժողովուրդն ամենահին քրիստոնյա ազգն է աշխարհում, որն Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսության կողմից ցեղասպանության է ենթարկվել:

Երկարատև և ոչ դյուրին հրադադարը խախտվեց 2020-ի վերջերին, երբ Թուրքիայի աջակցությամբ  Ադրբեջանի զինված ուժերը պատերազմ սկսեցին Արցախի դեմ, ինչը կործանարար հումանիտար աղետի հանգեցրեց:

1988-ին հայերի դեմ բռնությունների պատճառով Բաքվից, այժմ էլ Շուշիից հեռացած փախստական Սարո Սարյանը պատմում է, որ իր ընտանիքը ստիպված է եղել լքել իր տունն ու թողնել իր ունեցվածքը Շուշիում:

«Հոգեբանորեն դա նման է նրան, որ մշտապես վիրահատության ես ենթարկվում և սովորում ես ցավին: Դու այլևս չես վախենում: Սա նման է մազոխիզմի»,- նշել է Սարո Սարյանը:

Մեջբերելով հայ փախստականի խոսքը՝ պարբերականը նշում է, որ հայերը կառուցում են ազգային մշակույթը՝ թանգարանները, եկեղեցիները արտացոլող քաղաքներ: Արցախի միջազգային ճանաչումը կլինի հայերի անվտանգության լուրջ երաշխիքը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...