Երևանում. BMW-ն դուրս է եկել հանդիպակաց և հայտնվել բեռնատար ЗИЛ-ի տակ. ЗИЛ-ը կողաշրջվել է, BMW-ն բաժանվել է մի քանի մասերի. կա 1 զոհ, 1

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը կողաշրջվել է, իսկ BMW-ն մի քանի մասի է բաժանվել և վերածվել մետաղե ջարդոնի: 1 հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են կողաշրջված ЗИЛ-ը և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, ով BMW-ն ամբողջովին բաժանվել է մի քանի մասերի և մեքենայի տարբեր հատվածներ իրարից հեռու են շպրտվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և մխրճվել իր թույլատրելի հատվածով երթևեկող ЗИЛ-ի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ և ЗИЛ-ն էլ կողաշրջվել է:

 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...