Մարտի 1-ի գործի նախաքննության փուլում եթե չեմ սխալվում կա գործ, որի քննությունը դեռ շարունակվում է. Բադասյան

Badasyan

 Արդարադատության նախարարը չի կարող պատասխանել կոնկրետ քրեական գործերով հարցերին։ Դա բացարձակապես իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով 300.1 հոդվածով ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշմանը։

«Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների մասով։ Մարտի 1-ի գործի նախաքննության փուլում եթե չեմ սխալվում կա գործ, որի քննությունը դեռ շարունակվում է։ Պետք է դիմել պատասխանատուներին և ստանալ համապատասխան մեկնաբանություններ»,-ասաց Ռուստամ Բադասյանը։

Նախարարը նշեց, որ կա դատական որոշում, և դատախազությունը պետք է որոշի այդ ակտը ենթակա է բողոքարկման, թե ոչ։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ չի կարող մեկնաբանել դատարանի, դատախազության կամ այլ մարմինների գործողությունները։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ՀՔԾ-ին հորդորեց Մարտի 1-ի գործը բացահայտել, և այս գործն իրենց համար նաև քաղաքական նպատակ ուներ, Ռուստամ Բադասյանը նկատեց՝ քաղաքական նպատակը եղել է թե՛ տեղի ունեցած իրադարձությունների բացահայտումը, թե՛ դատաիրավական բարեփոխումները և անկախ դատական համակարգի ստեղծումը.

«Կարծում եմ՝ առնվազն հանրային ընկալում կար, որ այս ոլորտներում առնվազն դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չենք արել։ Չէի ուզի արդարանալ, որովհետև բացարձակ կարևոր չէ, թե ինչ փաստարկներ կբերվեն, ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար։ Ամեն կոնկրետ գործընթացի մասով կա պատասխանատու և չի կարելի բոլոր հարցերի պատասխանն ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց կարծում եմ, որ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ»,-ասաց նախարարը։

 

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...