Իտալիայի վարչապետն Էրդողանին անվանել է «բռնապետ»
Անկարայում Իտալիայի դեսպան Մասսիմո Գայանին պարզաբանումների համար հրավիրվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Պատճառն այն էր, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին անվանել էր «բռնապետ», որի հետ պիտի համագործակցել։
Դա մեծ արձագանք է գտել Թուրքիայի քաղաքական վերնախավում, որի ներկայացուցիչները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով։
Իտալիայի վարչապետն Էրդողանին այդպիսի բնորոշում է տվել այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չեն առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված է եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները այս կապակցությամբ գրառում են արել Twitter-ում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Իտալիայի վարչապետ Դրագիի անընդունելի, պոպուլիստական հայտարարություններն ու ընտրությունների արդյունքում իշխանության եկած մեր նախագահի մասին տգեղ ու չափ չճանաչող խոսքերը»:
Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալըն էլ Իտալիայի կառավարության ղեկավարի հայտարարությունը համարել է անհիմն: Նշել է, որ սպասում են, որ Դրագին անպայման սրբագրի իր խոսքերը:
Թեմայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը:
«Մենք ափսոսանք ենք հայտնում այն հայտարարության համար, որը չի արտացոլում թուրք-իտալական հարաբերությունների խորությունը: Թուրքիան դիվանագիտության պետություն է: Բոլորին հարգալից վերաբերվելու ավանդույթ ունի: Իտալիայի վարչապետը դա պետք է իմանա: Դիկտատուրան և ֆաշիզմը մեր մշակույթին պատկանող հասկացություններ չեն: Մեզնից չեն դրանք դուրս եկել: Նրանք, ովքեր մոռացել են իրենց պատմությունը, թող ուրիշներին չփորձեն այն նկարագրել»,- ասել է Չելիքը:
ermenihaber.am