Վրաստանում վնասվել են Հայաստանի ինտերնետ հասանելիություն ապահովող հիմնական և պահուստային կապուղիները

Vnasvel en

Վրաստանում` Գորի-Զեստաֆոնի բնակավայրերի միջակայքում, մարտի 22-իժամը 13:00 սահմաններում տեղի է ունեցել կապուղիների վթար, որի հետևանքով վնասվել է Հայաստանի ինտերնետ հասանելիության զգալի մասը ապահովող հիմնական մայր կապուղին: Վթարը Հայաստանի օգտատերերի համար գրեթե աննկատ է եղել, քանի որ պահուստային կապուղիներով անմիջապես հնարավոր է եղել կարգավորել իրավիճակը: Սակայն, ժամը 17:15-ի սահմաններում Թբիլիսիում տեղի է ունեցել նույն պահուստային ինտերնետ կապուղու վթար, որի պատճառով, փաստորեն, Հայաստանի ինտերնետ հասանելիությունը Վրաստանի վրայով մեծ մասով ընդհատվել է: Շուրջ մեկ ժամվա համատեղ աշխատանքից հետո հայ և վրացի մասնագետներին հաջողվել է վերականգնել ռեզերվային կապուղին և Հայաստանը այժմ սնվում է ինտերնետի այս ռեզերվային աղբյուրից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, Վրաստանի մասնագետները հայտնել  են, որ մայր կապուղին կվերականգնվի ժամը 23:00-ի սահմաններում:

«Ինչպես նշեցինք, այժմ ընկերության ցանցը սնվում է ռեզերվային կապուղիներից, որոնց թողունակությունը թույլ է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից սովորական ռեժիմով: Իհարկե, վթարի ազդեցությունը այսքան նկատելի չէր լինի, եթե վերջին օրերին, արտակարգ դրության հետ պայմանավորված, չգրանցվեր ինտերնետի օգտագործման շեշտակի աճ:

Արտակարգ դրության այս պայմաններում Ucom ընկերությունը քաջ գիտակցում է` ինչ կարևոր դեր ունի ինտերնետը, և հավաստիացնում է, որ կանի իրենից կախված ամեն ինչ ինտերնետ հասանելիությունը անխափան պահելու համար: Նոր տեղեկատվություն ունենալու դեպքում ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ձեզ կհետաքրքրի...