«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ՄՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ հղել է այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձը։ Այս մասին նա հայտնել է օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում եղել են Օսմանյան կայսրության վերջին շրջանի իրադարձությունները:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, այլ ոչ թե ինչ-որ մեկին մեղադրել»,- ասել է Բլինքենը, ապա շարունակել,- Կարևոր է նաև նշել, որ նախագահն ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպելու հնարավորությանը: Կան բազմաթիվ խնդիրներ և ոլորտներ, որոնց շուրջ մենք սերտ համագործակցում ենք միասին»:
Նա նշել է, որ Բայդենը ներկայացրել է իր վաղեմի տեսակետները, երբ հանգստյան օրերին Սպիտակ տունը նրա անունից տարածեց գրավոր հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին։
Պետքարտուղարը շեշտել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում: Հետևաբար կողմերը հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ և ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցին, Բլինքենն ասել է.
«Ապագայում նաև շատ կարևոր է, որ Թուրքիան և ԱՄՆ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները խուսափեն ռուսական զենքի հետագա գնումից, ներառյալ լրացուցիչ C-400-ները»: