«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը. ԱՀ ԱԳՆ

Arcakh agn

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո» (Օղակ) գործողությունը, որն, իրավամբ, կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։

Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը և 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպես նաև ԼՂԻՄ և Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացված հայկական ջարդերի ու էթնիկ զտումների շղթայի շարունակությունը։

Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն և հետագայում հանգեցրեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, որը շարունակվում է առ այսօր։

«Կոլցո» գործողության, 2016 թ. Ապրիլյան պատերազմի և Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբավորումներից վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում է դրանց կրկնության»։

Ձեզ կհետաքրքրի...