Սպանություն Վայոց ձորի մարզում. Եղեգնաձորում հայտնի գինու գործարանի տարածքում հնչել են կրակոցներ. գործարանատիրոջ 29-ամյա թոռը մահացել է.
Մայիսի 1-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:
Դեպքի վայրի հարևանությամբ գտնվող փողոցում հայտնաբերվել է Toyota Camry մակնիշի 092 QQ 02 համարանիշի ավտոմեքենան, որով՝ ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վահե Մկրտչյանի ուղղությամբ: Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, արնանման հետքեր, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ասում էին, որ սպանվածը սպանության կասկածանքով ոստիկանություն ներկայացած Նաիրի Բաղդասարյանի քրոջ տղան էր, սպանվածը նաև գործարանի սեփականատիրոջ՝ Աղասի Բաղդասարյանի թոռն էր: