Թուրքիան ամենաշատ թվով բանտարկված մտավորականներ ունեցող երկրների եռյակում է

Mtavorakanner

Թուրքիան ամենաշատ մտավորականների անազատության մեջ պահող 3 երկրներից մեկն է աշխարհում: Այս մասին  հայտնի է դարձել գրողների միջազգային ՊԷՆ (PEN) ընկերակցության ԱՄՆ-ի մասնաճյուղի հրապարակած «Գրելու ազատություն 2020» զեկույցից: 

Ըստ հրապարակված տվյալների՝ առաջին տեղում Չինաստանն է, որտեղ այժմ բանտարկված է 81 մտավորական, հաջորդը Սաուդյան Արաբիան է՝ 32 բանտարկված մտավորականով: Իսկ երրորդ տեղում հայտնված Թուրքիայում բանտարկված է 25 մտավորական: Հնգյակի նախավերջին և վերջին տեղերում հայտնվել են Իրանն ու Բելառուսը՝ համապատասխանաբար 19 և 18 բանտարկված մտավորականներով: 

Զեկույցում նշվում է, որ 2020-ին Թուրքիայում հայտարարված համաներման արդյունքում ազատ են արձակվել մի շարք քրեական հոդվածներով դատապարտվածներ, սակայն որևէ քաղբանտարկյալ այդպես էլ ազատ չի արձակվել:

Միևնույն ժամանակ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» (IFJ) հրապարակած զեկույցից երևում է, որ 2021-ի մարտի դրությամբ Թուրքիան շարունակում է ամենաշատ բանտարկաված լրագրողներ ունեցող երկիրը մնալ աշխարհում: Այս առումով պատկերն այսպիսինն է՝ Թուրքիա (67 լրագրող), Չինաստան (23 լրագրող) և Եգիպտոս (20 լրագրող):  

Ազատազրկումների վերաբերյալ Եվրախորհրդի 2020-ի զեկույցում նշվել է, որ խորհրդի 47 երկրների շարքում Թուրքիան 1-ին տեղն է զբաղեցնում ամեն 100 հազար բնակչի հաշվով առկա բանտարկյալների թվով:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...