ԱՄՆ-ը երրորդ անգամ արգելափակել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱԽ որոշումը
Երկրորդ շաբաթն է՝ շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը հայտարարել է, որ մեկ շաբաթում Գազայի հատվածից հրեական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 3500 հրթիռ: Իսրայելը ավիահարվածներով ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի հենակետերը, սակայն ռմբակոծության հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ վերջին լուրերի՝ գիշերվա ավիահարվածց զոհվել է 48 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 16 կին և 10 երեխա: Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ վճռական է պաղեստինյան հակահարվածի հարցում:
«Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն ամբողջ ուժով: Մենք հիմա գործում ենք և կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի: Դա ժամանակ կպահանջի»,- կիրակի զգուշացրել է Նեթանյահուն:
Իսրայելի վարչապետի նախազգուշացումը հնչել է հակամարտության երկու կողմերին հրադադարի կոչ անելու ՄԱԿ-ի փորձերի ֆոնին:
Կիրակի տեղի է ունեցել կազմակերպության Անվտանգության խորհրդի բաց նիստ, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շարունակական բռնությունները որակել է որպես «բացարձակ հրեշավոր»:
«Պայքարը պետք է դադարեցվի: Հրթիռները մի կողմից, ավիահարվածները՝ մյուս: Դրանք պետք է դադարեցվեն»,- ասել է գլխավոր քարտուղարը:
Սակայն ԱՄՆ-ը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ է արգելափակել Անվտանգության խորհրդի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու մասին հայտարարության ընդունումը, հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով միջազգային կազմակերպության դիվանագետներին:
Հայտարարության նախագիծը, որը քննադատում է հակամարտության երկու կողմերին, պատրաստել էին Նորվեգիան, Թունիսն ու Չինաստանը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խնդրել են «ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց սեփական դիվանագիտական ջանքերի համար»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները հայտարարությունը քննարկելու ժամանակ ունեն մինչ երկուշաբթի կեսօր: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: