Սիրիայում ապօրինի զինված խմբերում ներգրավվածության համար մեղադրվող ադրբեջանցիների ընտանիքի անդամները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել
Մայիսի 19-ին Սիրիայում ապօրինի զինված խմբերի կազմում գործունեություն ծավալելու համար մեղադրվող մի խումբ բանտարկյալների ընտանիքի անդամները փորձել են բողոքի ակցիա անցկացնել Ադրբեջանի նախագահի նստավայրի դիմաց, հայտնում է Turan գործակալությունը։
Ակցիայի մասնակիցները առաջադրված մեղադրանքների վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտել՝ նշելով, որ իրենց երեխաներին խաբել են և աշխատանքի անվան տակ տարել են Սիրիա։
«Նախագահ Իլհամ Ալիևը 2013 թ․ ասել էր, որ նրանք, ովքեր մեկնել են Սիրիա, պետք է վերադառնան, և նրանց չեն ձերբակալելու: Սակայն մեր երեխաները ձերբակալվեցին հենց Ադրբեջան հասնելուն պես»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Ոստիկանությունը միջամտել և հեռացրել է ցուցարարներին։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենք բազմիցս իրենց բողոքները ներկայացրել են գլխավոր դատախազությանը, նախագահի աշխատակազմին և օմբուդսմենին, բայց՝ ապարդյուն:
2014 թ․ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախկին նախարարությունը զինված խմբի ստեղծման և Ադրբեջանից դուրս կատարված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել է Ադրբեջանի 26 քաղաքացու: