Հունիսի 1-ից Ռուսաստանում գտնվող հայերը ցամաքային ճանապարհով կարող են վերադառնալ Հայաստան
Վրաստանը հունիսի 1-ից բացում է ցամաքային սահմանը, սա ենթադրում է, որ Ռուսաստանում գտնվող հայերը ցամաքային ճանապարհով կարող են վերադառնալ Հայաստան։
«Ըստ վրացական աղբյուրների՝ եթե սահմանի բացումը տեղի ունենա, Վրաստանը թույլ է տալու, որ Ռուսաստանից վերադարձող հայերն անցնեն իր տարածքով»,- Lragir.am-ին ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։
Հայկական կողմից պետք է այս հարցով պաշտոնական հայտարարություն անի արտաքին գործերի նախարարությունը, դեռ հստակություն չկա՝ ինչ ռեժիմ է գործելու։
Նշենք, որ դեռ նախորդ տարվանից ՌԴ-ում գտնվող հայերը պարբերաբար բարձրացնում էին հարցը, որ իրենց թույլ տան ցամաքային ճանապարհով վերադառնալ Հայաստան։ Նրանք անգամ հավաքվում էին Լարսի անցակետում ու իրենց բողոքը հայտնում։
Արամ Թանանյանն ասաց, որ այս օրերին բազմաթիվ զանգեր է ստանում վերադառնալ ցանկացողներից։
«Զանգերը շատ են, օր ու գիշեր զանգում են, հոսքը բավական մեծ կլինի։ Ես հարցնում եմ, թե ինչո՞ւ են ուզում վերադառնալ, ասում են՝ չենք կարողանում ապրել, տան վարձ չենք կարողանում տալ։ Այսինքն՝ Ռուսաստանում սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ են հիմնականում ցանկանում ցամաքային սահմանով վերադառնալ Հայաստան։ Այստեղ մի հարց կա՝ այդ մարդիկ վերադառնալով, հետո չեն կարողանալու ցամաքային ճանապարհով հետ գնալ Ռուսաստան, եթե Ռուսաստանը շարունակի պահել ցամաքային հատման մասին այն ռեժիմը, որը ներկայում գործում է։ Ես այդ մասին իրենց ասում եմ։ Այսօր Ռուսաստան միայն ՌԴ քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարով մուտք գործել»,- ասաց նա։
Արամ Թանանյանի խոսքով՝ ներկայում հնարավոր չէ հաշվարկել, թե քանի մարդ ցամաքային ճանապարհով կվերադառնա, բայց այդ հոսքը կխոչընդոտի բեռնափոխադրումների իրականացնմանը։
Ըստ նրա՝ ներկայում Լարսի անցակետով ելումուտի վեց հոսք է աշխատում։
«Եթե բացվի այդ ճանապարհը և մարդիկ սկսեն հատել սահմանը, մաքսակետի թողունակությունը կընկնի, բեռնատարների հերթեր կլինեն։ Այսօր օրական 550 բեռնատար է մտնում Լարսի անցակետ, դրանք անցնում են վեց գծով։ Եթե այդ գծերից 4-ը տան քաղաքացիներին, մնում է երկուսը։ Այսինքն՝ մեր հաշվարկով ամեն օր 300 բեռնատար պակաս է անցնելու, ամեն օր հերթը երկարելու է մոտ 6 կմ-ով։ Բացի դա, հերթի մեջ կմնան նաև քաղաքացիները, քանի որ նրանք արտահերթ չեն անցնելու»,- նշեց Թանանյանը։