Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում կներկայացնի. նոր զարգացումներ

Azaryan

 ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն աշխատանքից ազատման դիմում է պատրաստվում ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը այն դատավորներից մեկն էր, որը, ըստ էության, համարձակվեց դեմ գնալ իշխանություններին: Վերջինիս նկատմամբ
իշխանությունները ճնշումներ են սկսել դեռեւս 2018 թվականի օգոստոսից, երբ վերացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը։

Իսկ ահա օրերս էլ նրա նկատմամբ նոր կարգապահական վարույթ է հարուցվել: Վերջինս պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտնել էր.

«Այսօր ստացա արդարադատության նախարար Ռ.Բադասյանի որոշումը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին: «Որոշման կայացման առիթ է հանդիսացել դատավորի կողմից իր հարցազրույցում ռուս մեծ գրող Մ.Բուլգակովի ստեղծագործություններից մեջբերում անելը՝ «Մեր դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է»:

Արձանագրենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է լավագույն դատավորներից մեկը։ Նա երկու տարի շարունակ ճանաչվել է տարվա ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր, իսկ 2020թ. ապրիլի 14-ի դրությամբ՝ նա կրկին ունի ամենաբարձր վարկանիշը՝ 53 միավոր:
Եվ ահա ճնշումների երկրորդ ալիքը սկսվեց, երբ դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ նշելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Մենք փորձեցինք կապ հաստատել Ալեքսանդր Ազայանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց եւ տեղեկացանք, որ նա երկրում չէ: Դիմել ենք Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղից իպատասխան դատական դեպարտամենտի ղեկավր Կարեն Փոլադյանը նշեց, որ այս պահին նման դիմում չեն ստացել և մեզանից են առաջինա նգամ լսում այդ մասին:

Քնար Մանուկյան

Ձեզ կհետաքրքրի...