ԵՊԲՀ դասախոսի մեծ ցանկությունն է մասնագիտական կարողություններն ու հմտությունները կիրառել միայն խաղաղ երկնքի տակ
ԵՊԲՀ դասախոսի մեծ ցանկությունն է մասնագիտական կարողություններն ու հմտությունները կիրառել միայն խաղաղ երկնքի տակ
Դիմածնոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտն ավարտել է 2014 թվականին: Նա այժմ դասախոսում է հարազատ բուհում, նաև շուրջ երկու տարի ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Պլաստիկայի և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
«Եթե չսիրես մասնագիտությունը՝ չես կարող աշխատել: Ձեռքբերումները, որոնք ունեցել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում, նաև իմ թիմի շնորհիվ, ապացուցում են, որ մենք մեր մասնագիտությունը սիրում ենք և չենք սխալվել բժշկի մասնագիտության ընտրության հարցում: Միայն, թե հուսանք, որ մեր մասնագիտական կարողություններն ու հմտություններն այսուհետև կկարողանանք կիրառել խաղաղ երկնքի տակ: Եվ ինչպես հիմա, մինչև 44-օրյա պատերազմն էլ հիմնականում զբաղվել ենք էսթետիկ և պլաստիկ միջամտություններով, առողջ մարդկանց էլ ավելի գեղեցկացնելով, կշարունակենք նման ոճով, ոչ թե Աստված մի արասցե, պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած դեպքերով»,-ընդգծում է ԵՊԲՀ դասախոսը:
Նա ծնունդով Գյումրիից է: Այս տարի ավարտել է նաև բժշկական մայր բուհի Հանրային առողջության ֆակուլտետի և «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը: Բժիշկն ընդգծում է, որ նույնիսկ ակտիվ վիրահատական պրակտիկան, վիրաբուժական գործունեությունը չպետք է խոչընդոտի մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ու համալրմանը:
44-օրյա պատերազմի ընթացքում Ռաֆիկ Շահպարոնյանն ու նրա գործընկերները վիրավորներին բուժօգնություն են ցուցաբերել Վարդենիսի կայազորային հոսպիտալում, ղեկավարել դիմածնոտային ծառայությունը:
«Տեղեկանալով, որ դիմածնոտային մասնագետների կարիք կա, մեկնել ենք այնտեղ, բուժօգնություն ենք ցուցաբերել մինչև պատերազմական գործողությունների վերջին օրը: Մեր բաժանմունքի բժիշկներն ու կրտսեր գործընկերները՝ կլինիկական օրդինատորները, ևս մեզ հետ էին, փորձում էինք ամեն ինչ անել ՝ առաջնագծում վիրավորված զինծառայողներին անհրաժեշտ, պատշաճ, որակյալ բժշկական օգնություն ցույց տալու, նրանց կյանքը փրկելու համար»,-նշում է Ռաֆիկ Շահպարոնյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն Ապրիլյան քառօրյայի, որի ժամանակ ինքը կլինիկական օրդինատոր էր և աշխատում էր Գորիսի հոսպիտալում, 44-օրյա պատերազմի հետևանքով տղաները ստացել են հիմնականում բեկորային վիրավորումներ, վնասվածքներ: Վիրահատությունները կազմակերպվել են տեղում՝ Վարդենիսի կայազորային հոսպիտալում: Բուժօգնությունից հետո վիրավորներին տեղափոխել են Երևան: «Մեր հոսպիտալը ընդհանուր օղակների մեջ տարանցիկ կետ էր, ցուցաբերում էինք այնպիսի բուժօգնություն, որն այդ պահին հրատապ էր համարվում: Հոսպիտալի գործիքային ու մասնագիտական հագեցվածությունը բարձր մակարդակի էր: Ինչ-որ պակասում էր անմիջապես համալրվում էր, թե մեր անձնական միջոցներով, թե մեր գործընկերների շնորհիվ: Իրականացնում էինք առաջին բուժօգնությունից հետո տարանցիկ օղակում կատարվող վիրահատություններ, բացառություն էին կազմում դեպքերը, երբ առկա էին այդ ընթացքում առաջացող երկրորդային արյունահոսություններ»,-ասում է դիմածնոտային վիրաբույժը:
Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ ոչ միայն դիմածոնտային, յուրաքանչյուր պրոֆիլի մասնագետն էլ արել է ամենը, ինչ պահանջվել է՝ անկախ իր մասնագիտությունից, անկախ նրանից գտնվել են առաջնագծում, թե երկրորդ օղակի հոսպիտալում:
«Մանավանդ, ցավոք, վիրավորների նման մեծ հոսքի դեպքում նեղ մասնագիտացումն անցնում է երկրորդ պլան, այն մարդիկ, ովքեր գնացել են օգնելու և իրենց մասնագիտական պարտքը կատարելու, անում են ամենը, ինչ այդ պահին պահանջվում է՝ սկսած պատգարակը կրելուց, վերջացրած դիմածնոտային վիրաբույժին օգնելով»,-ամփոփում է ԵՊԲՀ շրջանավարտը: