ՀՀ անկախության 30-ամյակի առիթով կլինի 4 ոչ աշխատանքային օր. տոնական միջոցառումները կնվիրվեն նահատակների հիշատակին
Կառավարությունն ընդունեց որոշում, որով 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայտնի հանգամանքների բերումով բոլորիս տրամադրությունը տոնական համարել չի կարելի, բայց կառավարությունը որոշել է պատշաճ ձևով նշել Հայաստանի անկախության 30-ամյակը:
«Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին: Այս փոփոխությունն արված է նրա համար, որ անկախության 30-ամյակի առիթով ունենանք 4 անըմդմեջ ոչ աշխատանքային օր: Որոշումն այսպիսի համատեքստ ունի, կարծում եմ ճիշտ է նման տրամաբանությամբ առաջ շարժվել»,- ասել է վարչապետը:
Սեպտեմբերի 21-ին, որը ոչ աշխատանքային է, լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Սեպտեմբերի 21-ը երեքշաբթի է, իսկ 20-ը՝ երկուշաբթի: Այդպիսով, քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր: