«Փոքր կենտրոնում բնակվող 47 ընտանիք մեծ գումար է պահանջում գործարար Վարդան Սրմաքեշից»․ինչու՞ չի իրականանում «Հին Երևան» ծրագիրը․ Տեսանյութ

«Հին Երևան» ծրագրի շրջանակում պատմաճարտարապետական միջավայրի ձևավորման գործընթացը դեռ ակտիվ շինարարական փուլ չի մտնում։ Ծրագրով նախատեսված է Երևանի կենտրոնում ապամոնտաժված 19-րդ և 20-րդ դարասկզբերի հուշարձան-շինությունների վերականգնումը՝ պահպանելու համար քաղաքի կենտրոնական հատվածի կոլորիտը։ Հուշարձան-շինություններն ապամոնտաժվել են տարբեր ժամանակահատվածներում։ 21 պատմամշակութային հուշարձան-շինություններ պետք է վերականգնվեն Գլխավոր պողոտայի՝ Փ. Բուզանդ, Եզ. Կողբացի, Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում։  

«Հին Երևան» ծրագրի իրագործման համար ներդրումներ են կատարել 3 կազմակերպություն՝ «Սթար լայն», «Սերգեյ Հագոբիկ Դեր-Սահագուլյան» և  «Օլդ Սիթի» ընկերությունները։  

«Սթար լայն» և «Սերգեյ Հագոբիկ Դեր-Սահագուլյան» ընկերությունների կատարած ներդրումների շնորհիվ վերակառուցվել են  Վասիլի Միրզոյանի նախագծած եկամտաբեր տունը, Միրզոյան եղբայրների տունը և Հախնազարյանի եկամտաբեր տունը։ «Օլդ Սիթի» ընկերությունը դեռևս չի սկսել շինարարությունը:

«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանի խոսքով՝ «Հին Երևան» ծրագրի ձգձգումը ոչ թե ճարտարապետական լուծումների, այլ տվյալ տարածքում բնակիչների իրացման գործընթացով է պայմանավորված։  

«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Շողիկ Երանյանը ընդգծում է՝ հողերի օտարման գործընթացի ավարտման վերջնաժամկետը սահմանված է մինչև այս տարվա վերջ, սակայն բնակիչները կենտրոնում գտնվող իրենց տունը լքելու համար մեծ գումարներ են պահանջում։

Իրացման աշխատանքներով զբաղվող «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ի իրացման հարցերով պատասխանատու Լևոն Ամիրաղյանն էլ հավելեց, որ Գլխավոր պողոտայի՝ Փ. Բուզանդ, Եզ. Կողբացի, Արամի փողոցներով սահմանափակվող տարածքում 150 ընտանիքից 47 ընտանիքի հետ չի հաջողվել իրացման պայմանավորվածություն ձեռք բերել, և պատճառն ընտանիքների ակնկալած գումարի չափն է։ 
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ Լևոն Վարդանյանն էլ հավելեց, որ ներկայումս ընտանիքների պահանջած գումարն ապահովելու համար բանակցում են «Օլդ Սիթի» ընկերության հիմնադիր Վարդան Սրմաքեշի հետ։ 

21 հուշարձան-շինությունների շարքում կան շուրջ 7 հուշարձան-շինություններ, որոնք մնալու են տեղում՝ Գլխավոր պողոտայում, և ճարտարապետական լուծումներն այնպիսին պետք է լինեն, որ տեղում կանգնած շինությունների շարքում վերակառուցվեն արդեն իսկ այլ հասցեներից ապամոնտաժվածները։ Լևոն Վարդանյանը վստահեցնում է՝ այս ծրագրով շունչ է տալու Հին Երևանի փայտի ճարտարապետությանը։ 

Նարա Մարտիրոսյան

civic.am

Ձեզ կհետաքրքրի...