Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին մեղավոր ճանաչվեց 2012-ին կատարած հանցանքների համար

Sarkozin datapartvec

  Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել 2012 թվականին քարոզարշավի անօրինական ֆինանսավորման մեջ: Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը:

Դատավճիռը կայացվել է Սարկոզիի բացակայությամբ, նա չէր ներկայացել եզրափակիչ նիստին:

Դատարանը համարում է, որ Սարկոզին շարունակել է իր նախընտրական հանրահավաքները՝ չնայած ծախսերի օրենքով սահմանված սահմանաչափի գերազանցմանը: Քարոզարշավի վրա ծախսվել է ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրինական 22 միլիոն եվրոյի փոխարեն: Դատարանը դեռ չի որոշել պատիժը, դատավճիռը ընթերցվում է:

Հիշեցնենք, նախորդ տարվա նոյեմբերին, Ֆրանսիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահն անձամբ է կանգնել դատարանի առաջ: Այդ օրերին Փարիզում սկսվել էր Նիկոլա Սարկոզիի գործով դատաքննությունը: Նա մեղադրվում է կոռուպցիայի եւ դատավորին կաշառելու փորձի մեջ:

Այս լսումները, սակայն, Ֆրանսիայի բնակչության մի ստվար խմբի համար նախկինում չափազանց սիրելի 65-ամյա Սարկոզիի միակ գլխացավանքը չէին: Կոռուպցիայի ծանրակշիռ մեղադրանքից բացի նա ստիպված էր այլ դատարաններում պաշտպանվել իր նախընտրական շտաբի ֆինանսական միջոցների ոչ մաքուր լինելու մեղադրանքներից:

Սարկոզին այս բոլորը վհուկների որս է համարում: Նա համոզված է, որ լիբերալ դատական համակարգն իրեն վենդետա է հայտարարել հանցագործների նկատմամբ չափազանց մեղմ լինելու և դատավորների լիազորությունները սահմանափակելու իր փորձերի համար:

Կոռուպցիայի գործով Սարկոզիին սպառնում է 10-ը տարվա ազատազրկում միլիոնների հասնող տուգանք:

Մինչ այժմ Ֆրանսիայի նախագահներից միայն մեկն է կանգնել դատարանի առջեւ՝ իր լիազորությունների ավարտից հետո: Նա Սարկոզիի նախորդն է՝ Ժակ Շիրակը, որը մեղավոր է ճանաչվել Փարիզի քաղաքապետ եղած ժամանակ շինծու պաշտոններում իր ընկերներին նշանակելու մեջ: Սակայն Շիրակը, որի օրոք Սարկոզին բարձրացավ ֆրանսիական քաղաքական Օլիմպի գագաթ, հիվանդության պատճառով չմասնակցեց 2011 թվականի դատավարություններին: Նա հեռակա կարգով դատապարտվեց եւ երկու տարվա պայմանական պատիժ ստացավ:

Սա Սարկոզիին դարձնում է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որն անձամբ է հայտնվել դատարանում՝ մեղադրյալի կարգավիճակում: Նա է նաեւ Ֆրանսիայի նախկին ղեկավարներից առաջինը, որը կալանավորվել է, սակայն հետո ազատ արձակվել: Սարկոզին վեց տարի առաջ է դեռ կանչվել ոստիկանություն հարցաքննության ՝ կոռուպցիայի մասին գործի հետաքննության դեռ սկզբնական փուլում:

Քննիչները նախ հետաքրքրված էին ինչպես 2007, այնպես էլ 2012 թվականների նախընտրական արշավների ֆինանսական ծախսերով: Նրանք կասկածում էին, որ Սարկոզին ավելին է ծախսել, քան ենթադրվում էր, եւ ընդունել է անօրինական նվիրատվություններ L’Oreal- ի միլիարդատեր սեփականատերերից, Լիլիան Բետանկուրից, ինչպես նաեւ ենթադրաբար նույնիսկ Լիբիայի առաջնորդ Քադաֆիից:

Քադաֆիից միլիոնավոր եվրոներ կանխիկ ստանալու մեղադրանքները վերջերս դիմումատուն հետ վերցրեց, իսկ Բետանկուրից տասնյակ հազարավոր եվրոներ ստանալու գործը փակվեց դատարանում:

Նախորդ գործից հետո Սարկոզիի նկատմամբ այլ մեղադրանքներ առաջադրվեցին՝ այս անգամ կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Քննիչների կարծիքով, որպես նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվության գործի հետաքննության վրա և, իբր, առաջարկել է դատավոր Ժիլբերտ Ազիբերտին առաջխաղացում եւ սեփականություն Մոնակոյում ՝ հետաքննության ընթացքի վերաբերյալ տեղեկատվության դիմաց:

Մեղադրանքի հիմքում ընկած են Սարկոզիի և նրա փաստաբան Թիերի Էրզոգի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որը եւս ամբաստանյալի աթոռին է հայտնվել՝ Սարկոզիի հետ միասին:

Դատական գործընթացների շարքն այսքանով չի ավարտվի: Սարկոզին և նրա 13 համախոհները ստիպված են պատասխանել 2012 թվականի ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքներին:

Սարկոզին մեղադրվում է նաև խարդախության մեջ ներգրավված լինելու համար, որի արդյունքում նա կարողացել է գրեթե կրկնապատկել կորցրած ընտրարշավի համար ծախսերի օրինական սահմանը:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...