«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղարը հերքել է Ալիևի քննադատությունը
«Լրագրողներ առանց սահմանների» մամուլի ազատության պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը հերքել է կազմակերպության հասցեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությունները:
Ավելի վաղ France 24-ին տված հարցազրույցում Ալիևը մեղադրել էր կազմակերպությանը «կողմնակալության և Ադրբեջանի հանդեպ անարդար վերաբերմունքի» համար:
Կազմակերպության հայտարարության մեջ այդ կապակցությամբ նշվում է, որ Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը: Առաջատար անկախ լրատվական կայքերի հասանելիությունն այնտեղ արգելափակված է։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծ մասը լռեցվել են կամ ստիպված են եղել տեղափոխվել արտասահման։ Իսկ քիչ թվով անկախ լրագրողները, որոնք դեռևս մնում են Ադրբեջանում, ցանկացած պահի կարող են բանտարկվել:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2005 թ. բարձր մակարդակի կոռուպցիան հետաքննող լրագրող Էլմար Հուսեյնովի սպանության գլխավոր կասկածյալները դեռևս ազատության մեջ են:
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները օգտագործել են NSO Group-ի Pegasus լրտեսական ցանցը՝ 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող որոշ մարդկանց դեմ:
Բաքվի վրդովմունքի պատճառը կազմակերպության ավելի վաղ արված այն հայտարարությունն էր, որ Ֆրանսիայի Նանտ քաղաքում ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալիի վրա հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: