Բաքուն Թեհրանի հետ հարաբերություններում հատել է կարմիր գիծը․ իրանագետ
Ադրբեջանի իշխանությունների հրամանով փակվել է Բաքվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Հոջաթոլէսլամ Սեյեդ Ալի Աքբար Օջաղնեժադի մզկիթը և ներկայացուցչության գրասենյակը: Իրանն էլ արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով դեպի Նախիջևան։ Պաշտոնական Բաքուն Թեհրանի այս քայլը որակել է Ադրբեջանի հանդեպ դավաճանություն։ Փորձագետների գնահատմամբ` իրանա-ադրբեջանական լարվածությունը հասել է գագաթնակետին։
Իրանական մեղադրանքներին ի պատասխան՝ Ադրբեջանի ղեկավարը Ջրականում անհարգալից ձևակերպումներով է հիշատակել Իրանի հոգևոր առաջնորդին՝ նրան անվանելով ինչ-որ մոլլա։ Ալիևը, մասնավորապես, ասել է, թե Ջրականում՝ Արաքսի ափին կանգնած, ադրբեջանցի ժողովրդի և ողջ աշխարհի առջև հայտարարում է, թե իրենց ուղղված անհիմն մեղադրանքներն անպատասխան չի թողնելու: Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի հասցեին իրանցի ինչ-որ մոլլայի հնչեցրած զրպարտություններին: «Ասում են, թե իբրև Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Բացեք ձեր աչքերը… կա՞ն ապացույցներ, չկան: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը անհիմն զրպարտի մեզ»,-սպառնացել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներով լի պատասխանը վստահորեն դուր չի գալու իրանական կողմին ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ այս հայտարարությունն ավելի է մեծացնելու հարաբերությունների լարվածությունը
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կոչ էր արել տարածաշրջանային երկրներին պահպանել հարևանների զինվորականների հետ համագործակցող անկախ բանակներ՝ նախազգուշացնելով, որ նրանք, ովքեր մոլորության մեջ են, թե կողմնակի անձինք կարող են ապահովել իրենց անվտանգությունը, շուտով ապտակ կստանան:
Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը նշանակում է, որ Բաքուն հատել է կարմիր գիծը՝ Թեհրանի հետ հարաբերություններում։ Նման բան նախկինում երբեք չի եղել՝ ասում է։ Նույն կարծիքին է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։ Նրա խոսքով՝ իրանական պաշտոնական թերթերը ողողված են Ալիևի ծաղրանկարներով, ինչը վիրավորանք է իրեն հաղթանակի առաջնորդ համարող Ալիևի համար։
«Իրանում հակաադրբեջանական տրամադրություններ են: Ադրբեջանը հատել է կարմիր գիծը»։
«Այաթոլլա Ալի Խամենեին ինչ-որ մոլլա անվանելը սահմանագծի անցում է։ Հեռու չէ այն կետը, որ անդառնալի զարգացումներ լինեն։ Կողմերը որոշակի հող են նախապատրաստում հակամարտության համար»։
Եվ զուր է Ալիևը սպառնում Իրանին ու հերքում, թե Բաքվի դեմ զրպարտություններ են հնչում, քանի որ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը փաստեր է ներկայացրել Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների մասին՝ հիշեցնում է Գոհար Իսկանդարյանը։ Արմեն Վարդանյանն էլ հիշեցնում է, թե ինչպես իսրայելցեները կարողացան ներթափանցել Իրան ու սպանել ատոմային ֆիզիկայի գիտնականներին։
«Փաստեր կան, Ադրբեջանը չի կարող հերքել, թե ահաբեկչական խմբավորումներ հետ գործարքի մեջ է։
«Իրանը ասում է, որ ահաբեկչական ու սիոնիստական խմբեր կան։ Իրանի հետախուզությունը դա պարզել է։ Նաև հայկական կողմն է հայտարարում Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումների գոյության մասին»։
Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակից սկսված իրանա-ադրբեջանական լարվածությունը իրանագետ Արմեն Վարդանյանը վտանգավոր է համարում։ Այն կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար։ Թեհրանի համար կարևոր է վստահելի գործընկերոջ ճանապարհների անվտանգությունը՝ նկատում են իրանագետները։
«Եթե լիցքաթափում չլինի, ապա տարածաշրջանում նոր հակամարտություն կսկսվի, այս անգամ Իրանի ու Ադրբեջանի միջև»,-ասում է Վարդանյանը։
Հայաստանն այս իրավիճակում, ըստ Գոհար Իսկանդարյանի, պետք է հավատարիմ մնա ԻԻՀ հետ անաչառ բարեկամության սկզբունքին ։
«Կարծում եմ՝ կկարողանան լեզու գտնել։ Նման ճգնաժամային իրավիճակներ էլի են եղել իրանա-ադրբեջանական հարաբերություններում, սակայն բանը զինված հակամարտության չի հասել ։ Իրանին էլ ձեռնտու չէ Ադրբեջանի հետ երկարատև հակամարտություն ունենալ»։
Հարավային Կովկասում իրավիճակն առաջիկայում կքննարկվի Մոսկվայում, որտեղ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպում է նախատեսվում։
armradio.am