Ի պատասխան Իրանի գործողությունների՝ Ադրբեջանում քննարկում են Իսրայելում դեսպանատուն բացելու անհրաժեշտությունը

Azrael

  Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության աճի ֆոնին՝ Ադրբեջանում քննարկում են Իրանին պատասխանելու հնարավոր տարբերակներ, որից մեկն էլ Իսրայելում դեսպանատուն բացելու անհրաժեշտության հարցն է։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում այս թեման ակտիվորեն քննարկվում է փորձագետների ու պատգամավորների կողմից։ Մասնավորապես, ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն ասել է, որ «Իրանը միշտ համարել են եղբայրական երկիր ու բարի հարևան, սակայն վերջին օրերին երևաց Թեհրանի ոչ ադեկվատ պահվածքը»։ «Զորավարժություններն ու ուժի ցուցադրումը Ադրբեջանի հետ սահմանին, այդ ամենը բազմաթիվ հարցեր է առաջացրել»,-ասել է Նասիրովը՝ Իրանի՝ ադրբեջանական տարածքում իսրայելական օբյեկտների ու ուժերի տեղակայման մեղադրանքները համարելով անհիմն։ Միաժամանակ պատգամավորն առաջարկել է ավելի խորացնել Իսրայելի հետ հարաբերություններն ու այնտեղ դեսպանատուն բացել։ «Մինչև հիմա Ադրբեջանը Իսրայելում չի բացել դեսպանատուն, իսկ ահա Իրանի բարեկամ Հայաստանը դա արել է»,- ասել է պատգամավորը։ «Մինչև հիմա մենք հաշվի էինք առնում, որ Իրանին դա դուր չի գա ու չպետք է Իրանի հետ հարաբերությունները փչացնել, սակայն Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Իրանն աջակցեց Հայաստանին, իսկ Իսրայելը՝ օգնեց մեզ»,- ասել է Նասիրովը։ Իր հերթին քաղաքագետ Արաստուն Օրուջլուն էլ տարօրինակ է համարել, որ Իրանը Հայաստանի ու Վրաստանի վրա ճնշում չի գործադրում Իսրայելում դեսպանատուն ունենալու հարցով։ Նշենք, որ չնայած Բաքվի ու Թել Ավիվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, Ադրբեջանը Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն մինչ օրս չունի։ Փոխարենը բավական ակտիվ գործում է Բաքվում Իսրայելի դեսպանատունը։ Այնուամենայնիվ, այս տարի Ադրբեջանի ու Իսրայելի հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, քանի որ հուլիսին Բաքուն Թել Ավիվում բացեց առաջին պաշտոնական ներկայացուցչությունը։ Խոսքը Ադրբեջանի առևտրային ներկայացուցչության մասին է, որի բացման արարողությանը մասնակցում էին Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովն ու Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովը։ Ի դեպ, այս ամենը բավական մեծ խանդավառությամբ էր ընդունել Բաքվում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը՝ երկու երկրների հարաբերություններում այն պատմական համարելով։ Բացի այդ, նա նշել էր, որ ներկայացուցչության հիմնումը ևս մի քայլ է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման ուղղությամբ

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...