Ըստ Էրդողանի խոսնակի՝ Թուրքիայի ու ԱՄՆ-ի նախագահները կքննարկեն Ղարաբաղի հարցը
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրայիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում:
Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի խնդիրները:
Քալընը հայտնել է, որ այս բոլոր հարցերը լինելու են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում:
«Մեր ցանկությունն այն է, որ երկու ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրներն այս բնորոշումներին համապատասխանող մոտեցմամբ և դրական օրակարգով խնդիրները քննարկեն, այն հարցերում, որտեղ հնարավոր է համաձայնության գալ, առաջ շարժվեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ՝ լուծեն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-եզրափակել է Էրդողանի խոսնակը: