Դադարեցվել են Գառնու տաճարում տեղի ունեցած աղմկահարույց հարսանիքի թույլտվությունը տված Արա Թարվերդյանի լիազորությունները

dadarecum

   Վաղաժամկետ դադարեցվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի էջից:

«Հիմք ընդունելով՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս․թ․ հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին անձնական դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի հրամանով՝ ս․թ․ հոկտեմբերի 14-ից վաղաժամկետ դադարեցվել են Ա․ Թարվերդյանի լիազորությունները»,- ասված է Ֆեյսբուքի գրառման մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ամենահայտնի պատմամշակութային հուշարձաններից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճարը, սեպտեմբերի 4-ին այցելուների համար փակ է եղել: Պատճառը տաճարի տարածքում հարսանեկան արարողությունն էր: Միջոցառման տեսանյութը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել:

Դրանից հետո «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ նմանօրինակ պայմաններով միջոցառումն անցկացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնությամբ: 

Իր հերթին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տեղի ունեցածը «կոպտագույն վրիպում» էր որակել:

Ձեզ կհետաքրքրի...