Երևանում պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն իրականացրել են «Իմ լոխումը քո բալի մեջ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ. հայտնաբերվել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկային ծառայությունում մի քանի քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ մայրաքաղաքի տարբեր փողոցներում BMW 750Li մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան և նրան ուղեկցող մի քանի ավտոմեքենաներ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, անհարկի ձայնային ազդանշաններ թողնելով: Նույն պահին Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանի հանձնարարականով սկսվել է հատուկ օպերացիա՝ նրանց հայտնաբերելու համար: Օպերացիան կրել է «Իմ լոխումը քո բալի մեջ» անվանումը: Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Հովաննես Մանուկյանի գլխավորությամբ պարզել են, թե որ ուղղություններով են նշված անձինք «զվռնում» և սկսվել է մի իսկական կինո: Հետապնդումը տևել է գրեթե 3 ժամ, որից հետո վերջիններս մի քանի ավտոմեքենաներով մայրաքաղաքից դուրս են եկել դեպի Երևան-Սևան մայրուղի: Ի վերջո, պարեկները նրանց հայտնաբերել են Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում գործող «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիրում: Այդ ընթացքում առանց համարանիշների BMW-ի վարորդը հեռախոսով կապի մեջ է մտել «Բալի» -ի աշխատակցի հետ ու նրան ասել, որ համարներից մեկի հեռակառավարմամբ գործող մուտքը բացեն, ինչը և կատարվել է, ապա, հասնելով «Բալի» ռեստորանահյուրանոցային համալիր, մտել է 3-րդ հյուրասենյակ, իսկ նրա հետ եղած անձինք էլ ավտոմեքենաները կայանել և բարձրացել են 2-րդ հարկի հյուրասենյակ: Նրանց թվում է, թե իրենք մոլորեցրել են պարեկներին, սակայն պարեկները ճիշտ հետքի վրա են կանգնել: Նշված համալիրից ոստիկանության Աբովյանի բաժին են բերման ենթարկվել 5 հոգի: Նրանք են՝ 28-ամյա Սերժ Վարդանյանը, 24-ամյա Պետրոս Մինասյանը, 29-ամյա Սարգիս Սարգսյանը, 26-ամյա Վոլոդյա Մուրադյանը և 31-ամյա Մ. Պողոսյանը: Հյուրանոցի համալիրի բակում էլ հայտնաբերվել է BMW X6, Mercedes, Toyota Camry և առանց համարանիշների BMW-ն: Վերջինս, ըստ տեղեկությունների, վարել է Ս. Վարդանյանը, ով «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հարուստ որդին է՝ «Ճվճվի Սերժուլիկ» մականվամբ: Ըստ տեղեկությունների՝ նա եղել է հետախուզման մեջ՝ ՀՀ քր օր-ի 316 հոդվածի հատկանիշներով և խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com