«Ադրբեջանի հռետորաբանությունը մեղմացել է․ այն դիրքավորվում է եվրոպական հանդիպումներից առաջ իրեն խաղաղասեր լույսի ներքո ցույց տալու համար»․ Արմինե Մարգարյան

Xaghaghaser

  «ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» թեմայով քննարկում տեղի ունեցավ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում։

Ստյոպա Սաֆարյանը անդրադարձավ նոյեմբերի 26-ին Սոչիում ստորագրված հայտարարությանը և նշեց, որ այն ընդգծում է, որ ամենակարևոր հատվածը մեզ համար այն է, որ շեշտվել է նոյեմբերի 9-ից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը։ Հաջորդ կարևորագույն խնդիրը, ըստ Սաֆարյանի այն էր, որ հանձնաժողովը, որը ստեղծվելու է դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու համար այն է, որ այն լինելու է երկկողմ, իսկ ՌԴ-ն խորհրդատվական մակարդակով է մասնակցելու։ Այս ամեն ինչին ընդառաջ կա երկու գագթնաժողով, որին մասնակցելու են Հայաստանն ու Ադրբեջանը։

Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը մի քանի շեշտադրում արեց, մասնավորապես, անդրադառնալով դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովին նշեց, որ հանձնաժողովի՝ երկկողմ լինելը բավական պոզիտիվ օրակարգ է իր մեջ ներառում։ Արմինե Մարգարյանի կարծիքով հանձնաժողովի երկկողմ ձևաչափը բխում է նաև ՌԴ շահերից, քանի որ վերջերս ՌԴ ԱԳՆ կողմից եղավ հայտարարություն, որ ՌԴ-ն չի ուզում մենաշնորհի դեր ստանձնել այս գործընթացում։ «Կարծում եմ, այս հայտարարությունը չէր կարող լինել հենց այնպես։ Դրա հետևում եղել են որոշակի խոսակցություններ, որոշակի քննարկումներ, ձևակերպումներ, որոնք Ռուսաստանի համար մտահոգիչ էին և ՌԴ հիմա ցանկանում է ընդգծել, որ այդ մենաշնորհը չի ուզում իրեն վերցնել, բայց սա պիտի ունենա իր օբյեկտիվ պատճառները։ Կարծում եմ, հիմնական պատճառն այն է, որ յուրաքանչյուր եռակողմ ձևաչափով գործընթաց դա դե յուրե եռակողմ է , բայց դե ֆակտո՝ քառակողմ է։ Այսինքն այդտեղ կա Թուրքիան, և թուրք-ադրբեջանական տանդեմը բավական սինխրոն է աշխատում և ՌԴ-ն պարբերաբար հանգում է խնդիրների, որն առաջին հերթին արտահայտվում է Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի և ուժի կիրառման քաղաքականության հետևողականորեն առաջ տանելով։ Հետևաբար, վտանգվում է ռուսական խաղաղապահ առաքելության ջանքերը և նաև վտանգվում՝ ՌԴ վարկանիշը, որը ՌԴ համար շատ կարևոր է», — ասաց Արմինե Մարգարյանը և կարծիք հայտնեց, որ այսպիսով, ՌԴ-ն կարողացել է իր համար պատուհան պահել, որպեսզի անհրաժեշտության պարագայում կարողանա ապավինել միջազգային գործընկերների աջակցությանը։ Մյուսը, ըստ Մարգարյանի, երկկողմ ձևաչափը հնարավորություն է կողմերի համար երկկողմ մակարդակում խոսելու, որը նպաստում է վստահության ստեղծմանը։ Բայց այս ամենը, ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը հրաժարվելու է իր՝ ուժի սպառնալիքի քաղաքականությունից, բայց միևնույն ժամանակ տպավորույթուն է, որ Ադրբեջանին կա որոշակի զսպող մեխանիզմներ։ «Սա կարող է նշանակել մի բան, որ Հայաստանին հաջողվել է ռուսական կողմին ներկայացնելու, որ Ադրբեջանն է, որ խոչընդոտներ է ստեղծում և Ադրբեջանն է, որը խոչընդոտում է ռուսական միջնորդական առաքելության բավարար լինելուն և պետք է Ադրբեջանի վրա լծակներ կիրառել, որպեսզի վերջինս գա կոնստրուկտիվիզմի դաշտ, ինչը մեզ մոտ ստացվել է և բավական գովելի է», — ասաց Արմինե Մարգարյանը։

Արմինե Մարգարյանը նկատեց նաև, որ Ադրբեջանի հռետորաբանությունը բավական մեղմացել է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը դիրքավորվում է՝ եվրոպական հանդիպումներից առաջ իրեն խաղաղասեր լույսի ներքո ցույց տալու համար, և կարծիք հայտնեց, որ այդ հանդիպումներից առաջ որոշ գերիների նույնպես հետ կվերադարձնի։

Ձեզ կհետաքրքրի...