Որքանով են ներկա զարգացումները հիշեցնում Երկրորդ աշխարհամարտին նախորդող իրավիճակը . Քաղաքական դեժավյու hhpress

Paterazm

  Ռուսաստանն ու Հնդկաստանը պատրաստ են զարգացնելու ռուս-հնդկական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերություն։ Այդ նպատակով երեկ Հնդկաստան է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որտեղ նա հանդիպելու է վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Բանակցությունների օրակարգը բավականին ընդգրկուն է, դրանք վերաբերելու են միջազգային կարեւորագույն ընթացիկ թեմաներին։ Մինչ երկրի ղեկավարների հանդիպումը Ռուսաստանն ու Հնդկաստանը ստորագրել էին մի շարք համաձայնագրեր, պայմանագրեր եւ արձանագրություններ՝ հրաձգային զենքերի եւ ռազմական համագործակցության վերաբերյալ։ Այս մասին երեկ թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Ռաջնաթ Սինգհը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների ավարտից հետո։ Նա ռուսաստանցի գործընկերոջ հետ բանակցություններն անվանել է արդյունավետ եւ բովանդակալից՝ բարձր գնահատելով Ռուսաստանի հետ իր երկրի «առանձնահատուկ եւ արտոնյալ ռազմավարական» գործընկերությունը։ Սերգեյ Շոյգուի ու Ռաջնաթ Սինգհի հանդիպմանը հաջորդել են «2 + 2» ձեւաչափով բանակցությունները, որոնց մասնակցել են նաեւ ՌԴ եւ Հնդկաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Սուբրամանիամ Ջայշանկարը։ Արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը հայտարարել է, որ համագործակցության շրջանակներում երկարաժամկետ ծրագրեր կան տնտեսության, ներառյալ էներգետիկայի եւ հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում։  Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում, նոր չէ, սակայն այն առավել էական նշանակություն է ստանում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, մասնավորապես AUKUS-ի ստեղծումից հետո։ Այդ մասին է վկայում նաեւ ՌԴ ԱԳՆ-ի մի քանի օր առաջ տարածած հաղորդագրությունը, որտեղ նշված էր, որ երկու երկրների արտաքին քաղաքականության եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների քննարկման առանցքային թեմաներից են լինելու իրավիճակը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հարթակում եւ Ռուսաստան-Հնդկաստան-Չինաստան ձեւաչափում։ Վերադառնալով պաշտպանության եւ անվտանգության բնագավառում ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա համագործակցությանը, նշենք, որ անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ էր արել Կոնգրեսին հավանություն տալ ռազմածովային միջուկային ուժային տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանցմանն Ավստրալիային, ինչը նախատեսված է անվտանգության նոր դաշինքի՝ AUKUS-ի համաձայնագրի շրջանակներում։ Հիշեցնենք, որ AUKUS-ի համագործակցության շրջանակներում Ավստրալիան դաշնակիցներից ստանալու է ատոմային սուզանավեր կառուցելու տեխնոլոգիաներ՝ դառնալով նման նավատորմ ունեցող 7-րդ երկիրը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 19-ին, Բայդենը հաստատել էր նման տվյալների փոխանակման փաստաթուղթը, սակայն հասկանալի է, որ առանց Կոնգրեսի թույլտվության այդ երկրների ռազմատեխնիկական  համագործակցությունն անհնարին կլինի։ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ նոր համաձայնագիրը երեք պետություններին թույլ կտա համագործակցել՝ հետամուտ լինելով անգլո-սաքսոնական երեք երկրների շահերին, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի շրջանակներում։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնն էլ ավելի վաղ նշել էր, որ ստորագրված փաստաթուղթն «ուշագրավ ձեռքբերում է եւ հաջորդ քայլը» սուզանավերի գործարքի եւ AUKUS-ի շրջանակներում այլ համաձայնագրերի իրականացման գործում։ Բնականաբար այդ դաշինքի ստեղծումն անմիջականորեն առնչվում է այդ տարածաշրջանի խոշոր խաղացողներին։ Այդ քայլն արդեն իսկ քննադատել է պաշտոնական Պեկինը, մասնավորապես Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Չինաստանը չափազանց անհանգստացած է այս կապակցությամբ, քանի որ այդ ուղղությամբ համագործակցությունը կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրմանը, սպառազինությունների մրցավազքին, ինչպես նաեւ կխաթարի միջուկային զենքի չտարածման ոլորտում միջազգային հանրության ջանքերը։ Պեկինից բացի համաձայնագրի մասին լուրը բացասաբար են ընդունել նաեւ Ռուսաստանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւս նման դաշինքի ստեղծումը վնասակար է համարել տարածաշրջանային կայունության համար։ Չինաստանին հակադրվելու եւ նրա շուրջ ճնշումը մեծացնելու նպատակով Ավստրալիայի ներգրավումը հիմնավորված է, քանի որ այդ երկիրը ամերիկյան ամենախոշոր դաշնակիցն է, մյուս կողմից՝ Ավստրալիան համեմատաբար մոտ է Չինաստանին։ Այս դաշինքի ստեղծմամբ ԱՄՆ-ն իր ուժերը կենտրոնացնում է Չինաստանի շուրջ, որի հետեւանքով նահանջ է կատարել Միջին Արեւելքից։ Դժբախտաբար, այդ բացը լրացնելու համար որպես Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի վստահելի ու հավատարիմ գործընկեր, փոխարինելու է գալիս Թուրքիան։ Սա բացասական եւ վտանգավոր հետեւանքներով է հղի ոչ միայն Միջին Արեւելքի, այլեւ մեր տարածաշրջանի համար, քանի որ ստեղծված իրավիճակում ի թիվս դաշնակցային ծրագրերի իրականացման, Թուրքիան ձգտում է կենսագործել սեփական ծրագրերը։ Ծրագրեր, որոնք արմատապես վտանգում են Հայաստանի կենսական շահերն ու անվտանգությունը։ Հետեւաբար այս զարգացումների համատեքստում օրինաչափորեն ուրվագծվում է այն երկրների ցանկը, որոնք կարող են հանդես գալ բնական դաշնակցի կարգավիճակում թուրքական ծավալապաշտությունը մեր ուղղությամբ կասեցնելու համար։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերոնշյալ զարգացումների ֆոնին ուշադրության են արժանի Ճապոնիայի նորընտիր վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղերձները։ Երեկ ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նստաշրջանի բացման ժամանակ, նա նշել էր, որ Ճապոնիան ձգտելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման։ «Ռուսաստանի հետ մենք ձգտելու ենք հարաբերությունների համակողմանի զարգացմանը մեր դիրքորոշման շրջանակներում, այն է՝ տարածքային խնդրի լուծում եւ խաղաղության պայմանագրի կնքում»,- ասել է նա։ Մոսկվան եւ Տոկիոն տասնամյակներ շարունակ խորհրդակցում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր մշակելու համար, որի գլխավոր խոչընդոտը Կուրիլյան մի շարք կղզիների շուրջ իրավունքների անհամաձայնությունն է։ Նկատենք, որ վերջին շրջանում եւս այդ ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական հարթությունում լարվածության աճ էր նկատվել, սակայն փաստորեն Ճապոնիայի նոր կառավարությունը ցանկություն է հայտնել խնդիրը կարգավորել կառուցողական դիրքերից։

hhpress.am

Ձեզ կհետաքրքրի...