«Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, պայքարում էին կրակի ու ծխի դեմ. հրդեհ Երևանում
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեի նկուղային հարկից ծուխ է դուրս գալիս և կան կասկածներ, որ հնարավոր է, կրակի արդյունք է դա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1, 8 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ Տոնոյանի գլխավորությամբ: Հրշեջները քաղաքացիների և հրդեհի վայրի «Եվրոպական հագուստ» խանութի աշխատակիցների հետ, նախ վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ծխի հետևանքով խոշոր չափի վնաս է պատճառվել «Եվրոպական հագուստ» խանութին, որտեղ վնասվել է նաև մեծ քանակի հագուստ: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնական ենթակայանի թիվ 018 բժիշկների հերթապահ բրիգադը՝ բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի, բուժքույր Հասմիկ Համփարյանի և բուժակ Կարեն Անտոնյանի գլխավորությամբ: Վերջիններս մինչև հրշեջների աշխատանքների ավարտը, հերթապահություն էին կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնությունը ցուցաբերեն այն անձանց, ովքեր հրդեհաշիջման ժամանակ դրա կարիքը կունենան: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, պարեկներ Նարեկ Մուրադյանի և Գեղամ Անտոնյանի գլխավորությամբ: Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողանում ճեղքել նկուղային հարկում ծխի և կրակի գոտին, քանի որ տարածքը նաև մութ էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային և հետաքննական բաժանմունքների ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզում են կրակի առաջացման պատճառը:
shamshyan.com