Չավուշօղլուն Եվրախորհրդին մեղադրել է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ

Erkaki

  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել է գործարար, իրավապաշտպան Օսման Քավալայի ազատ արձակման վերաբերյալ Եվրախորհրդի վերջին որոշմանը։

Չավուշօղլուն նշել է, որ թուրքական դատարանները կատարել են Քավալայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը և վերջինս այժմ բանտում է գտնվում այլ քրեական գործերի շրջանակում։

«ՄԻԵԴ-ի որոշումները վավեր են միայն Թուրքիայի՞, թե՞ 47 երկրի համար։ Բոլորի համար են վավեր։ Ֆրանսիան 10 տարի է, ինչ չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները։ Ժողովրդավարության առաջատար երկրներից Նորվեգիան՝ 2, իսկ Գերմանիան 5 տարի է չեն կատարում։ Ինչու՞ է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն միայն Թուրքիային թիրախավորում»,- հայտարարել է Չավուշօղլուն և դժգոհել, որ իրենք բախվում են երկակի ստանդարտների հետ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն որոշել է Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն «դատական համակարգին միջամտություն» է որակել այդ որոշումը, իսկ նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական ​​իշխանության որոշումներից։

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...