Ինչո՞ւ է Իսրայելն օգնում Ադրբեջանին hhpress
Իսրայել-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում ռազմական համագործակցության ուսումնասիրությունն առանձնակի կարեւոր է, քանի որ այն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իսրայելական արտադրության զենքի եւ զինամթերքի կիրառման հետ: Իսրայելի ռազմաքաղաքական մասնակցության գործոնն էականորեն ազդեց արցախյան վերջին պատերազմի ելքի վրա: Խոսքը հատկապես մինչ պատերազմն ու դրա ընթացքում ռազմամթերքի մատակարարման ու հետախուզական տվյալների տրամադրման գործոնին է վերաբերում: Արցախյան առաջին պատերազմում կրած պարտությունից հետո Ադրբեջանը կարիք ուներ վերազինվելու: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների միջեւ կար համաձայնություն առ այն, որ նրանք հարձակողական բնույթի լուրջ զենքեր եւ սպառազինություն չպետք է վաճառեն հակամարտող կողմերին: Բացի այդ, հարկ է նշել նաեւ ԱՄՆ-ում հետխորհրդային պետություններին «Ազատության աջակցության ակտի» շրջանակներում տրամադրվող ռազմական օգնության փաստաթղթում հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերով մտցված 907-րդ բանաձեւը, որն արգելում էր որեւէ տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Իրավիճակը փոխվեց 2001 թ. սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, երբ փաստացի Ադրբեջանը դարձավ տարանցիկ գոտի ԱՄՆ-ի համար՝ Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Այդ պահից սկսած՝ ամեն տարի ԱՄՆ նախագահը շրջանցել է 907-րդ բանաձեւը: Ուստի Թուրքիայից հետո երկրորդ պետությունը, որ պատրաստակամորեն հզոր հարձակողական զենք եւ զինամթերք վաճառեց Ադրբեջանին, Իսրայելն էր եւ է: 1990-ականներին Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմաքաղաքական հարաբերություններն այն որակը չունեին, որ ազդեին արցախյան հիմնահարցի ռազմական լուծման վրա: Այս երկու երկրների հարաբերություններում այլ դերակատարներ եւս ներգրավված են` ի դեմս Թուրքիայի: Հենց Անկարան հոգ տարավ, որ 2000-ականների սկզբներից իսրայելաադրբեջանական հարաբերություններն ընդունեն ռազմաքաղաքական համագործակցության ավելի բարձր մակարդակ: Վերջերս Թուրքիայի ռազմաօդային ակադեմիայի եւ Ազգային պաշտպանության ինստիտուտի դասախոս Մասուդ Հագի Ջաշինն ու Իսրայելի ներքին անվտանգության ինստիտուտի եւ ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ամի Այալոնն իրենց հարցազրույցներից մեկում գրեթե նույնը հայտարարեցին` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հաշտությունն անհնարին չէ: Հաշտություն հաստատելու մեջ առանձնահատուկ դերակատարում ունի Ադրբեջանը: Ջաշինի խոսքերով` Իսրայելն օգնում է Ադրբեջանին, քանի որ նա Իրանի բարեկամը չէ: Ուստի գործում է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» չգրված օրենքը: Իսրայելն Ադրբեջանին մատակարարել է կամիկաձե ԱԹՍ-ներ ու գերհզոր հրթիռներ, որոնք լայնորեն կիրառվեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Սկզբնական շրջանում Բաքվի եւ Երուսաղեմի երկկողմ հարաբերությունների խորացմանը խոչընդոտող շատ հանգամանքներ կային, օրինակ` կարող էին վատթարանալ Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Իսրայելն առաջ քայլ չէր անում, քանի որ դեռեւս չուներ իր հովանավոր ԱՄՆ-ի լուռ համաձայնությունը՝ ներքաշվելու արցախյան հիմնախնդրի մեջ: Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացումն ակամայից նշանակում էր ոչ ուղղակի մասնակցություն արցախյան հակամարտությանը: Մյուս կողմից՝ ակնհայտորեն Ադրբեջանը լայն սպառազինություն ձեռք բերելու որոշումը պետք է համաձայնեցներ Հարավային Կովկասում առանցքային դերակատարում ունեցող Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, 2000-ականների վերջերից սկսած այդ երկու երկրների ռազմաքաղաքական հարաբերությունները թեւակոխեցին նոր մակարդակ: Իսրայելական մեծ ռազմարդյունաբերական ընկերություններ մասնաճյուղեր հիմնեցին Բաքվում: Ադրբեջանն Իսրայելից հիմնականում ստանում է հարձակողական ռազմամթերք: Առանձնահատուկ պետք է նշել, որ դրանց մեծ մասը գործածվել է 2016 թ. ապրիլին` քառօրյա պատերազմի ժամանակ: Ըստ որոշ հաստատված տեղեկությունների` այդ ժամանակ հիմնականում ԱԹՍ-ների կառավարման գործում ուղիղ մասնակցություն են ունեցել իսրայելցի ռազմական փորձագետները: Հենց քառօրյա պատերազմից հետո առավել ակնհայտ դարձավ Իսրայելի գործոնն ադրբեջանական ԶՈՒ-ի զարգացման գործում: Մեկ այլ կարեւոր հանգամանք կա, որը եւս պետք է նշել. բազմիցս իրանական տարբեր աղբյուրներ հաղորդել են, որ Իսրայելի հատուկ ծառայություններն Ադրբեջանի տարածքն օգտագործել են Իրանի միջուկային ծրագիրը խափանելու նպատակով: Դրա վառ ապացույցն է վերջերս տեղի ունեցած ատոմային էներգետիկայի ոլորտի առաջատար ֆիզիկոսներից մեկի` Ֆահրիզադեի սպանությունը: Հարկ է նշել, որ «Israel Aerospace Industries» ընկերությունն Ադրբեջանին վաճառեց նաեւ օպերատիվ-մարտավարական «LORA» բալիստիկ գերճշգրիտ հրթիռներ, որոնք կիրառվեցին 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում` հայկական կողմին պատճառելով զգալի կորուստներ: Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն ավելի սերտացան 2018 թ., երբ սեպտեմբերին Բաքու այցելեց Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը: Այցը պաշտոնական էր, որի ժամանակ գրանցվեցին որոշակի ռազմական պայմանավորվածություններ: Մեկ ամիս անց Իսրայել է այցելում Ադրբեջանի ԳՇ պետը: Մի քանի ամիս անց Ադրբեջանն ստանում է գերժամանակակից հարվածային ԱԹՍ-ներ: Ամփոփելով այս տեղեկատվությունը եւ տրամաբանորեն միմյանց կապելով հանգամանքները` կարելի է մի եզրակացություն անել, որ 44-օրյա պատերազմի կարեւորագույն հատվածներն ու պայմանավորվածությունները հենց այս ժամանակահատվածում են քննարկվել ու պլանավորվել: Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմական համագործակցության սերտացումը զսպելու նպատակով 2019 թ. Հայաստանն Իսրայելում դեսպանատուն հիմնեց, սակայն, ցավոք, դա այդպես էլ որեւէ բեկումնային ազդեցություն չունեցավ անգամ 44-օրյա պատերազմի օրերին: Արցախյան 44-օրյա պատերազմում Իսրայելի գործոնն ավելի խոր ուսումնասիրության է արժանի, քանի որ մեզ հասանելի փաստերը նյութի շատ փոքր մասն են կազմում: Իսրայելական գործոնի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալ` ինչպես եւ ում թույլատվությամբ Ադրբեջանը կարողացավ սանձազերծել պատերազմ: Հաշվի առնելով պատերազմի ընթացքում Թուրքիայի ու Վրաստանի տարածքով Իսրայելից Ադրբեջան լայն քանակությամբ հարձակողական սպառազինության մատակարարումը, դերակատարների ներգրավվածությունը եւ պատերազմից հետո ձեւավորվող աշխարհաքաղաքական դիրքավորումները` կարեւոր մի փաստ կարելի է արձանագրել, որ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը տարբեր երկրների հետ եղել է համաձայնեցված: Ուստի այս առումով, Հայաստանի համար մարտահրավերներն արհեստականորեն շատանում են: Փաստն այն է, որ Իսրայելի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական համագործակցության մերձեցմանը համարժեք չարձագանքեցին Հարավային Կովկասի առանցքային դերակատարներից Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ, ենթադրաբար, անհանգստության ամենամեծ առիթն ունեցող Իրանը, չնայած որ այդ բոլոր երկրներն ունեին համապատասխան լծակներ: Իսկ գուցե եղել են պայմանավորվածություննե՞ր, որոնք Արցախի եւ Հայաստանի հաշվին իրագործվեցին եւ իրագործվում են…