Զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքները կստանան փոխհատուցում. հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին

Zinvorner

  ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Օրենքի նախագծով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում: Բայց մենք ունենք նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողներ, ովքեր 18 տարեկան էին, ամուսնացած չէին, չունեին կին, զավակներ, նաև ծնողներ. իմ տեղեկություններով՝ խոսքը 16 զինծառայողի մասին է: Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի նրանց քույրերը կամ եղբայրները փոխհատուցում ստանան»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար գումարը բաշխվելու է հավասարաչափ ընտանիքի անդամների միջև: Նրա խոսքով՝ փոխհատուցումը տրամադրելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը:

Քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը:

«Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը սկզբունքորեն առարկություններ չունի: Առաջարկվում է հատուցում ստացող շահառուների խմբում ներառել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քրոջը, եղբորը, պապին, տատին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, ծնող կամ զավակ: Առաջարկել ենք նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը և զինծառայողն ունեն համատեղ զավակ, ինչպես նաև զինծառայողի եղբորը և քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել»,- ասաց Սարգսյանը:

Ձեզ կհետաքրքրի...