Ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Nissan Tiida-ն բախվել է բետոնե էլեկտրասյանը.

merkasaruyc

  Այսօր՝ հունվարի 13-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը  իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում   դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ, ովքեր վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Գյումրու հիվանդանոցի դի տեղափոխող ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի  գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև  ոստիկանության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մ. Մքոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել  է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում: Օպերատիվորեն  ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Ղարս»  մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր արդեն սկսել են աշխատանքներ՝ վնասված սյունը փոխելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան  քարշակով տեղափոխվում է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի  ամբողջ հատվածը մերկասառույց է, տեղի ճանապարհը սպասարկող ճանշինը ոչ մի  աշխատանքներ չի կատարել՝  ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու  ավազով մշակելու ուղղությամբ և միայն ողբերգական վթարից հետո են ժամանել, որպեսզի սկսեն իրենց աշխատանքը:  Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին  ձյունը մաքրած  և ճանապարհը աղ ու ավազով մշակված է: 

 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...