Էրդողանը խոսել է Միջերկրածովի գազը Իսրայելի հետ Թուրքիայով Եվրոպա հասցնելու մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպմաը հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ խոսել է Իսրայելի հետ հարաբերությունների մասին:
Նա հայտնել է, որ Բերաթ Ալբայրաքի նախարար եղած ժամանակ (Էրդողանի փեսան է, պաշտոնավարել է 2015-2018թթ.-խմբ.) Իսրայելի հետ բանակցություններ են տարվել Միջերկրական ծովում արդյունահանվելիք բնական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկա հասցնելու ուղղությամբ:
«Այդ հարցի շուրջ քննարկումները բանակցությունների ընթացքում որոշակի կետի էին հասել: Դա հիմա էլ կարող ենք իրականացնել: Պարոն Հերցոգի հետ (Իսրայելի նախագահ-խմբ.) քննարկումներ ենք իրականացնում, գուցե նա այցելի Թուրքիա: Վարչապետ Բենեթն էլ այդ հարցում դրական մոտեցում ունի: Նպատակը դրական մոտեցումներով որոշակի կետի հասնելն է»,- պատմել է Էրդողանը։
Նա նաև նշել է, որ երբ մոտեցումները հիմնված լինեն փոխշահավետության վրա, իրենք էլ իրենց հերթին կանեն հնարավոր առավելագույնը։
«Եթե նավթը խաղաղության համար գործիք լինի, ապա դա կօգտագործենք, բայց եթե չլինի, ապա ամեն երկիր ինքն է իր համար որոշում ընդունելու»,- շեշտել է Էրդողանը: