Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. մի քանի կիլոմետր մերկասառույց ճանապարհը դարձել է 30-ից ավելի ավտոմեքենաների վթարի պատճառ. կան շրջված, ճանապարհից դուրս թռած ավտոմեքենաներ.
Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում մոտ 16 կիլոմետր ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի հետևանքով մոտ 30 ավտոմեքենաներ տարբեր հատվածներում վթարի են ենթարկվել: Կան գլխիվայր շրջված, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս եկած ավտոմեքենաներ: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Մայիս Բադոյանը, Ավետիք Ավետիսյանն ու Կառլեն Բաղյանը տարբեր հատվածներում պարզում են՝ արդյոք վթարների հետևանքով տուժած քաղաքացիներ կան: Հետաքննիչները պարզում են վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված վարորդները ասում են. «Քանի ժամ է, ճանապարհի մերկասառույցի պատճառով իրար հետևից վթարներ են տեղի ունենում: Ճանապարհը մշակված չէ, աղ ու ավազ լցված չի ու դրա պատասխանատուն ճանշինն է: Մեր ներկայությամբ «գաի» տեսուչները արդեն մի քանի անգամ զանգահարել են ճանշին, խոստացել են, որ կգան, բայց 3 ժամ է, չկան, ասես հօդս ցնդած լինեն: Բա հիմա ով է պատասխան տալու իրենց չարած աշխատանքի հետևանքով էսքան մարդկանց պատճառված վնասի համար»: