Մեծ Բրիտանիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում. դեսպան Գալագեր․ «Արմենպրես»

Despan

 Միացյալ Թագավորությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չի համարում և ցանկանում է խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընդունված հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստան-Մեծ Բրիտանիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը՝ ընդգծելով, որ Բրիտանիան լիովին աջակցում է Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Խոսելով հայ-բրիտանական հարաբերությունների պատմության, վերջին երեք տասնամյակներին իրականացված աշխատանքի և ընթացիկ դինամիկայի մասին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի դեսպանը գոհունակությամբ արձանագրել է երկկողմ կապերի աճը առևտրի և բիզնեսի ոլորտում, մշակութային կյանքում և մարդկանց միջև, ինչպես նաև՝ կանաչ զարգացման ու կլիմայի փոփոխությանը դիմագրավելու հավակնոտ մոտեցումներին աջակցելու բնագավառում:

Երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը դեսպան Գալագերը համարում է իր և Հայաստանում իր ղեկավարած դեսպանության կարևոր առաջնահերթությունը: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ բրիտանական կառավարությունն այժմ աշխատում է Հայաստանի Հանրապետության հետ՝ վերջնական տեսքի բերելու Միացյալ Թագավորություն – Հայաստանի Հանրապետություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ընդգրկում է երկկողմ հարցերի ողջ շրջանակը:

— Կուզեի՝ անդրադառնայինք նաև Հայաստանի շուրջ տարածաշրջանային զարգացումներին և հետպատերազմական իրավիճակին 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Ինչպե՞ս է Միացյալ Թագավորությունը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը: Այլ խոսքերով՝ ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ: Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում ադրբեջանական կողմի և մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բազմիցս հրապարակայնորեն արված այն հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հարց այլևս չկա, քանի որ Ադրբեջանը լուծել է այն: Համաձա՞յն եք այդ տեսակետի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց չկա 44-օրյա պատերազմից հետո:

— Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: Մենք հակամարտությունը լուծված չենք համարում: Միացյալ Թագավորությունը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված տեսնել համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով՝ հնարավորինս շուտ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա: Մենք լիովին աջակցում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերին և կողմերին խրախուսում կառուցողականորեն ներգրավվել բանակցային գործընթացում:

Մենք նաև մեծապես խրախուսում ենք հետագա առաջընթացը հումանիտար հարցերում՝ ինչպիսիք են բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, ականազերծումը և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքների հետաքննությունը: Տարածաշրջանի հետագա կայունության և բարեկեցության համար կենսականորեն կարևոր է, որ ընթացիկ խնդիրները լուծվեն բանակցային, խաղաղ գործընթացի միջոցով:

— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակման և պետական սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի ուղղությամբ:

— Մենք եռակողմ աշխատանքային խմբի գործընթացների նկատմամբ որևէ անմիջական վերահսկողություն չունենք, սակայն սահմանազատման, սահմանագծման և տրանսպորտային ու տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ առաջընթացը կդիտարկենք որպես դրական քայլ: Միացյալ Թագավորությունը լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղ հարաբերությունների զարգացմանը:

— Հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նոր երկկխոսություն է սկսվել երկկողմ հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թ. հունվարի 14-ին Մոսկվայում: Ի՞նչ դեր կարող է խաղալ Միացյալ Թագավորությունը այս գործընթացում որպես միջազգային հարաբերությունների կարևոր դերակատար:

— Ինչպես նախորդ հարցին տրված պատասխանի դեպքում՝ այս պարագայում էլ պիտի ասեմ, որ Միացյալ Թագավորությունը բանակցային գործընթացի մաս չէ, բայց մենք դրականորեն կդիտարկենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ցանկացած առաջընթաց: Ըստ հաղորդագրությունների, երկու կողմերն արդեն դրական քայլեր են անում հարաբերությունների վերագործարկման ուղղությամբ: Կարծում եմ՝ երկու երկրների ժողովուրդների միջև շփումների և համագործակցության հաստատման հնարավորություն ընձեռող գործողությունները լավ քայլ են, և բաց սահմանները երկու երկրներին իրենց ներուժը իրացնելու ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ձեզ կհետաքրքրի...