ՀԷՑ-ի՝ աշխատանքից ազատված աշխատակցի հայցը դատարանը բավարարել է. ՀԷՑ-ը պարտավոր է վճարել պարապուրդի գումարը. Civic
2020 թվականի հունիսին Հայաստանի էլեկտրական ցանցերի Վեդիի տեսուչ Արտիկ Թովմասյանին անհիմն կերպով ազատել էին աշխատանքից, սակայն վերջինս դատարան էր դիմել, և վերջերս դատարանը հօգուտ նրա վճիռ է կայացրել։
Civic.am-ի հետ զրուցում Արտիկ Թովմասյանը պատմեց, որ ինքը Վեդիում որպես տեսուչ աշխատել է 2013 թվականի մարտից և հաճախ է ղեկավարության մոտ բարձրաձայնել խնդիրների մասին։
«Անձամբ մեր ղեկավարները՝ տեղամասի պետը, տեղակալը, իրացման բաժնի պետը, մեզնից պահանջում էին, որ, օրինակ, բերեինք 7-8 տոկոսի չափով կորուստ։ Նրանց այդ պահանջներին ես միշտ հակառակվում էի, որովհետև ցանկացած տեխնիկայի վրա պետք է ամեն տարի ինչ-որ ներդրում արվի, որ այդ տեխնիկան կարողանա աշխատել, և կորուստները քիչ լինեն։ Իրենք մեզ չէին հատկացնում մատերիալը, հաղորդալարերը, որ գային, վերանորոգեին, ես իրենցից միշտ կռվով, վիճելով էի բերում, որ իմ տարածքներում կորուստը քչանա։ Բացի դրանից, մեր երկրորդական աշխատավարձի՝ պարգևավճարի կրճատում էին անում՝ առանց զգուշացնելու։ Ես միշտ դա բարձրաձայնել եմ իրենց մոտ, և դա իրենց դուրը չէր գալիս»,- ասաց Արտիկ Թովմասյանը։
Վերջինս մեզ տեղեկացրեց, որ մի քանի անգամ եղել է Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրենի տեղակալ Ղազինյանի մոտ, որն էլ իրեն ասել է՝ կա՛մ դիմում գրիր, կա՛մ իրեն կհանեն։
«Ես էլ ասեցի՝ եթե կարող եք, օրենքով հանեք։ Իրենք ինձ հանեցին, տվեցի դատարան, համապատասխան դատական պրոցեսը կայացել է, դատարանը որոշում է կայացրել իմ օգտին։ Իրենք չէին ցանկանում, որ ես վերականգնվեմ, իմ փաստաբանի գլխավորությամբ ասեցինք, որ եթե չեք ուզում վերականգնեք, փոխհատուցեք աշխատավարձի 12-ապատիկը և պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը, դատավորն այդ որոշումը կայացրել է, դատական ակտը մտել է ուժի մեջ։ Բացի դրանից, դատարանը անվավեր է ճանաչել իմ նկատմամբ կայացրած ՀԷՑ-ի հրամանները։ Կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով»,- ասաց Արտիկ Թովմասյանը։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ երբ իրեն գործից հանել են, 2020 թվականի օգոստոսին իր տված հաղորդումների հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որոնք կրկին վերաբերում էին հաշվիչների վրա հավելագրումներին։
«Սկզբում գործը քննվում էր Վեդիի քննչականում, քննիչները երկար քննեցին, հետո երկար ձգեցին, այդ քննիչը դուրս եկավ գործից, գործն ուղարկեցին Արտաշատ, հետո գնացի Արտաշատ, ասեցին՝ մենք կզանգենք կկանչենք, հետո այդ գործը նորից ուղարկեցին Վեդի։ Ես մի շաբաթ առաջ եմ տեղեկացել, որ Վեդիում քննիչներից մեկի մոտ է, և խնդրեցի քննիչին, որ անհապաղ դա քննվի։ Նաև ասացի, որ եթե դուք գործը չանեք, ես կդիմեմ համապատասխան կառույցներ, որ հետևեն ձեր գործին, որովհետև այդ գործը անհապաղ պետք է քննվի։ Ես որոշ ցուցմունքներ ունեմ քննիչին տալու, թե էլ ինչ ապօրինություններ են տասնյակ տարիներով արել, ինձ մոտ կան փաստեր»,- ասաց Արտիկ Թովմասյանը։
Այնուհետև նա ասաց, որ դիմում է բոլոր համապատասխան կառույցներին՝ նշելով, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի գների բարձրացման շատ թղթեր չեն համապատասխանում իրողությանը։
«Ես տեսուչ եմ եղել, ես միշտ 2016 թվից բերել եմ 7-8-9 տոկոս կորուստով, իսկ իրենք ՀԾԿՀ միշտ ներկայացնում են 11-12-13 տոկոս կորուստ, իսկ այդ տարբերությունն ո՞ւր է գնում։ Ես ՀԾԿՀ-ին շատ եմ դիմել ապօրինությունների վերաբերյալ, շատ քիչ են արձագանքել օրենքի սահմաններում, երևի ՀԷՑ-ի շահերն են պաշտպանում։ Ես համամիտ չեմ իրենց գների բարձրացմանը։ Խնդրում եմ բոլոր ծառայություններին ներգրավել, ստուգել, վերանայել, պետք եղած դեպքում ես կարող եմ իմ կողմից աջակցություն ցույց տալ»,- եզրափակեց Արտիկ Թովմասյանը։
Լիլիթ Թադևոսյան