CIVIL.NET. «Թող չմտածեն, թե հաղթանակած պետություն են, իսկ էստեղ մնացածներս՝ ոչնչություն». Մարտակերտի ղեկավար
Փետրվարի 17-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ մարտակերտցիները փակել են դեպի Քարվաճառ շարժվող ադրբեջանական ռազմական շարասյունը: Նույն օրը ՍիվիլՆեթը կապ հաստատեց շրջանի վարչակազմի ղեկավար Արսեն Ավանեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում շրջանում: Վերջինս ասաց, որ մանրամասներ կհաղորդի միայն այն դեպքում, եթե գանք Մարտակերտ:
Փետրվարի 19-ին Ավանեսյանի հետ զրուցել ենք Մարտակերտի սրճարաններից մեկում․ նա չցանկացավ տեսանկահարանվել:
Զրույցից պարզ դարձավ, որ շարասյունը ամենևին էլ ռազմական չէր, այլ շինանյութեր էր տեղափոխում Քարվաճառ: Բացի այդ, դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, սակայն համացանցում ադրբեջանցիների տեսանյութը տարածվել է հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին: Շրջանի երիտասարդները ճամփան փակել էին Մարտակերտ քաղաքի մոտ գտնվող խաչմերուկում, մոտավորապես այն ցուցանակի մոտ, որտեղ մի ճանապարհը դեպի Հաթերք է տանում, մյուսը՝ Մատաղիս:
Ըստ տարածվող տեղեկության՝ ճանապարհը փակելու հիմնական պատճառը շրջանի դիրքերից մեկում փետրվարի 15-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայողի վիրավորվելն էր: Սակայն, ինչպես Արսեն Ավանեսյանն է ասում, այդ դեպքը պարզապես համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Զինվորի վիրավորվելու օրը հրաձգային զենքերից կրակել են նաև Ճանկաթաղի ուղղությամբ: Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են նաև Նոր Ղազանչի ու Չարեքտար համայնքների վրա:
«Ճանապարհ փակելու նպատակը հակառակորդի ոչ ադեկվատ պահվածքն է խաղաղ բնակչության նկատմամբ: Շարասյունը Քարվաճառ տեղափոխելու ընթացքում նրանք հաճախ քշում են ավտոների վրա, դաշտերը չեն թույլատրում մշակել՝ կրակի տակ են պահում, վախեցնում են, անասունները իրենց կողմ անցնելուց հետո էլ հետ վերադարձնել չի լինում: Մի խոսքով, ի տարբերություն մեզ՝ նրանք եռակողմ հայտարարությունը չեն պահպանում»,- ասում է Ավանեսյանը:
Նույն օրը շարասյունը հետ է վերադարձել ելման կետ, իսկ հաջորդ օրը նրանց՝ Քարվաճառ տեղափոխվելուն խոչընդոտ չի եղել: Պայմանն այն էր, որ այսուհետև ադրբեջանական կողմը «իրեն նորմալ է պահելու»:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. Civil.net