Ապրիլի 1-ից բնական գազի սակագինը սպառողների համար կթանկանա՝ բացի սոցիալապես անապահով խմբերից

Gazprom

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները։  

Նշենք, որ  ներկայումս բնական գազի սակագինը բնակիչ-սպառողների համար՝ 1 խմ-ի դիմաց սահմանված է 139 դրամ, իսկ անապահով ընտանիքները 1 խմ-ի դիմաց վճարում են 100 դրամ։    

Ապրիլի 1-ից կգործեն նոր սակագներ՝ 1 խմ-ի դիմաց բնակիչ-սպառողները կվճարեն 143,7 դրամ, իսկ սոցիալապես անապահով խմբերի համար բնական գազի սակագինը չի թանկանա։

  1. ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը՝ տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ 100000 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
  2. Բնակչությանը (բացառությամբ սոցիալապես անապահով սպառողների՝ տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար) վաճառվող բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն),
  3. գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
  4. գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող, անձանց վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն),
  5. վերը նշված 1-4-րդ կետերով չնախատեսված մյուս սպառողներին (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայաններին) վաճառվող բնական գազի սակագինը՝ յուրաքանչյուր ամսում մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազի համար՝ 143700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն) և 10 հազար խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի ապրիլի 1-ից:

Ձեզ կհետաքրքրի...