Չավուշօղլուն Հայաստանին հորդորել է ավելի համարձակ լինել

Chavushoghlu

  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք առաջիկայում պետք է սպասել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հստակ քայլերի, Չավուշօղլուն ասել է. «Հստակ քայլեր կլինեն, վստահությունը բարձրացնող քայլեր էլ իրականացվում են»:

Չավուշօղլուն կարևորել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև Բրյուսելում հանդիպումից հետո ձեռք բերված համաձայնությունները:  

Անդրադառնալով Հարավային Կովկասում «կայունություն հաստատելուն» , նա շեշտել է, որ երկրները պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները միմյանց հետ: Նա միաժամանակ շեշտել է, որ այս ամենը իրականացնելը հեշտ չէ և «մեկ օրում չեն իրականացվում»:

Խոսելով Թուրքիայի ու Հայաստանի հատուկ ներկայացուցիչների միջև նոր հանդիպման մասին, Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարն տեղեկացրել է որ երրորդ հանդիպումը  նորից տեղի է ունենալու Վիեննայում:  

Նա նաև նշել է, որ գիտակցում է, որ Հայաստանը ճնշման տակ է, քանի որ սա ամենևին հեշտ գործընթաց չէ:  Նաև հասկանում են, որ հայկական սփյուռքի մի մասը  հատկապես ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համայքնները չեն աջակցում այս գործընթացին, ապա շարունակել է. «Բայց հիմա արդյո՞ք երրորդ երկրում հանդիպելու կարիք կա»:

Չավուշօղլուն ընդգծել է, որ իր խոսքերը չպետք է ընկալել որպես մեղադրանք: Նրա խոսքով հայկական կողմը պետք է մի փոքր համարձակ լինի, քանի որ, եթե Թուրքիայում հանդիպում չեն կարողանում  անցկացնել, ապա մյուս հարցերում ինչպե՞ս պետք է քայլեր անեն:

Նա նաև հայտնել է, որ իրենք անգամ առաջարկել են սկզբում Երևանում հանդիպել, բայց հայկական կողմը չի համաձայնել՝ պնդելով երրորդ երկրում հանդիպելու վրա: 

Ձեզ կհետաքրքրի...