«Զանգեզուրի միջանցքի» իրականություն դառնալու դեպքում Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, Հայաստանը կունենա տարածքային ամբողջականության խնդիր: Այս մասին նշված է «Ազատությանը» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Այս ապրիլի 13-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի զեկույցի քննարկման ժամանակ՝ Փաշինյանը հայտարարեց. «Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա, որ Ռոբերտ Քոչարյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի»։
«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ի՞նչ նկատի ուներ կառավարության ղեկավարը։
«Վարչապետը նկատի է ունեցել այն, որ 1990-ական թվականների սկզբներին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցել է տարածքային կորուստներ։ Բացի այդ 2021 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման հետևանքով խախտվել է Հայաստանի Հանրապետության տարածքայիան ամբողջականությունը»,- նշված է վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Հարցին՝ արդյոք Ադրբեջանի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» իրականացման դեպքում Հայաստանը տարածքային ամբողջականության խնդիր կունենա՞, պատասխանը եղել է «այո»։
Ռադիոկայանը նաև խնդրել էր պարզաբանել՝ խոսելով Հայաստանի տարածքային ամբողջականության մասին, արդյոք ՀՀ վարչապետը նկատի ունի՞ խորհրդային տարիներին Ադրբեջանի կազմում առկա հայկական անկլավի հարցը։
«Այո՛, նկատի ունենալով Արծվաշենի անկլավը և այն հանգամանքը, որ Տավուշի մարզից մի քանի տասնյակ կիլոմետր հայկական տարածքներ և նաև հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ»,- նշված է պատասխանում։