Բացահայտվել է զինծառայող հանդիսացող ՀՀ քաղաքացու կողմից պետական դավաճանություն կատարելու հերթական դեպք (տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, ով հանդիսացել է զինծառայող, կոչումով սպա, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, տվել է իր գրավոր համաձայնությունն այդ կապակցությամբ և ստացել է համապատասխան ծածկանուն՝ պարտավորվելով հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել, նրանց հանձնել պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որից հետո օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է հանձնել արտերկրում ռազմական ակադեմիան ավարտած համակուրսեցիների, ծառայության N զորամասի հրամանատարական կազմի, հրթիռահրետանային վարչության ղեկավար անձնակազմի, «էքսպո-ռազմական» ցուցահանդեսին մեկնած սպայական կազմի կենսորոշիչ տվյալները, բջջային հեռախոսահամարները՝ տրամադրելով նաև իր ծառայության N զորամասի N դիվիզիոնի զինծառայողների հաստիքացուցակը, ինչպես նաև նույն զորամասում առկա հրթիռային համակարգի թվաքանակի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում զինտեխնիկայի կորստի, հրթիռահրետանային համազարկերի գտնվելու վայրերի, զորավարժության վայրերի, կիրառված զինտեխնիկայի, զորավարժությանը մասնակից ղեկավար սպայական կազմի վերաբերյալ տվյալներ:
Բացի այդ, նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել, տևական ժամանակ միջոցներ չի ձեռնարկել հրթիռ արձակող զինտեխնիկան քողարկելու ուղղությամբ, որի հետևանքով հակառակորդի կողմից թիրախավորվել և անօդաչու թռչող սարքի միջոցով խոցվել է այն՝ հանգեցնելով զինտեխնիկայի անվերադարձ կորստի:
Միաժամանակ պարզվել է, որ հիշյալ զինծառայողը պատերազմի ավարտից հետո շարունակել է համագործակցությունն օտարերկրյա հատուկ ծաառայությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում վարձատրության դիմաց տրամադրել է նաև ներմուծված սպառազինության և զինտեխնիկայի քանակի ու տեսակի վերաբերյալ տվյալներ:
Պարզվել է նաև, որ նույն զինծառայողը, ունենալով գաղտնիության թույլտվության համապատասխան աստիճան, 8.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց փոխանցելու նպատակով հավաքել է N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական քարտեզներ, սակայն բացահայտվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից՝ չկարողանալով իր հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել:
2022 թվականի ապրիլի 20-ին հիշյալ զինծառայողը պետական դավաճանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է և տվել է խոստովանական ցուցմունքներ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է ողջ գործիքակազմով հետևողական և անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլող հիշյալ հանցագործությունների կանխման և խափանման ուղղությամբ՝ հավաստիացնելով, որ Ծառայությունը լիարժեքորեն տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վստահեցնում, որ լրտեսական գործունեության հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ոք հայտնաբերվելու և ենթարկվելու է պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: