«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100 հազար դրամ պատվովճար
Գործադիրը սահմանել է ՀՀ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգը: Ըստ այդմ՝ «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված անձանց կտրամադրվի ամսական 100000 դրամ պատվովճար։
Հիմնավորման համաձայն՝ անկախությունից ի վեր, պայմանավորված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով և սոցիալական երաշխիքների ոչ բավարար աջակցությամբ, էականորեն նվազել է բազմազավակ ընտանիքների թիվը:
Ներկայում ՀՀ-ում շատ քիչ ընտանիքներ են ունենում 6 և ավելի երեխա: 2020 թ. երեխաների ընդհանուր կարգաթվում 6-րդ և հաջորդ երեխաների ծնունդը կազմել է 162 երեխա, որը նույն տարում արձանագրված ընդհանուր ծնունդների ընդամենը 0,4 տոկոսն է կազմել: