ԱՀ գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Սամվել Կարապետյանին առնչվող գործի շուրջ հանրային արձագանքները

AH

  Մայիսի 10-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում տեղի ունեցած հրաձգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել Արցախի հերոս Սավել Կարապետյանին, հանրային տիրույթում տարբեր մեկնաբանությունների առիթ է հանդիսացել:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը այս առթիվ դիմել է ԱՀ Դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանին՝ մեկնաբանություն ստանալու խնդրանքով:

– Պարո՛ն Գաբրիելյան, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում Սամվել Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած դեպքի շուրջ լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր կարծիքներ, հաճախ նաև վիրավորանքի աստիճանի հասնող քննադատություններ իրավապահ մարմինների հասցեին, դրանք կարո՞ղ են, արդյոք, որևէ կերպ ազդել քրեական գործի ընթացքի վրա:

– Դատախազության մասին օրենքը սահմանում է դատախազի վարքագծի կանոնները, որոնց թվում կան այսպիսի վարքագծային նորմեր՝ դատախազը պետք է լինի ինքնուրույն, անկախ լինի օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ` քննադատվելու մտավախությունից, լինի արդարամիտ, համբերատար, զուսպ, ուրիշի կարծիքը լսող, հարգող և այլակարծությունը հանդուրժող: Արցախի Հանրապետության դատախազությունն առաջնորդվում է վարքագծի հիշյալ կանոններով: Ձեր կողմից վկայակոչած քրեական գործի վերաբերյալ տարբեր աղբյուրներից հնչել են տարբեր ծագումնաբանություն ունեցող տեսակետներ, մե’րթ այն քաղաքականացվել է, մե’րթ անձնավորվել, մե’րթ քննադատվել իրավապահ մարմինների «մեղմ» մոտեցման համար, մե’րթ արդարացվել՝ ի պաշտպանություն բերելով տարբեր փաստարկներ: Այդ գործով մեղադրյալը կարող է ունենալ աջակիցներ, «հակառակորդներ», անձնական վատ հարաբերություններ ունեցող անձինք, ովքեր արդի հնարավորությունների պայմաններում կարող են ազատորեն հանրայնացնել իրենց սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքը, որին դատախազությունը հարգանքով է վերաբերում, բայց չի կարող ընդունել՝ ի ղեկավարումն: Մյուս կողմից, երբ անձինք քննադատում են իրավապահ մարմիններին այս կամ այն որոշման համար՝ այդ ընթացքում չունենալով տարրական իրավաբանական գիտելիքներ և բացարձակապես չտիրապետելով քրեական գործով պարզված հանգամանքներին ու փաստական տվյալներին, ապա պարզ է, որ դրանք կարող են կրել անձնավորված բնույթ, հիմքում ունենալ տարբեր դրդապատճառներ, բացառված չէ նաև ուղղորդված լինելը, իսկ այդպիսի գործընթացներից դատախազությունը զերծ է և երբեք դրանց մաս չի կազմելու:

— Հանրությանը հուզում է այն հարցը, թե հնարավո՞ր է, արդյոք, որ Սամվել Կարապետյանը խուսափի քրեական պատասխանատվությունից:

— Ինչպես մնացյալ դեպքերում, այդ դեպքի մասին ևս դատախազությունը պարբերաբար տեղեկություն է հրապարակել: Հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն, կասկածյալը ձերբակալվել էր, նրան առաջադրվել է մեղադրանք ծանր և միջին ծանրության ենթադրյալ հանցագործությունների կատարման համար, ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց: Ի դեպ, խափանման միջոցի հետ կապված ևս բացահայտ կեղծ ու սուբյեկտիվ հայտարարություններ եղան: Խափանման միջոց կալանքի կիրառումը ոչ թե քննիչի սուբյեկտիվ ցանկության արդյունք է, այլ կոնկրետ քրեադատավարական հիմքեր պահանջող դատավարական հարկադրանքի միջոց: Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն դատարան չէր ներկայացվել՝ հաշվի առնելով, որ մեղադրյալն իր ցուցմունքներով ամբողջությամբ ներկայացրել էր դեպքի հանգամանքները, տուժողներն ու վկաները հարցաքննվել էին, առգրավվել էին դեպքի վայրի տեսագրությունները: Հաշվի էր առնվել նաև մեղադրյալի տարիքը, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշանակիր լինելը: Հետաքրքրականն այն է, որ մինչ այդ Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկում քաղաքացու կողմից ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ արձակելու դեպքով ևս մեղադրյալը չէր կալանավորվել, մինչդեռ զարմանալիորեն որևէ մեկի մոտ իրավապահ մարմիններին քննադատելու մտադրություն չէր ծագել: Դա նշանակում է, որ դատախազությունը հաճախ կարող է գործ ունենալ սուբյեկտիվ գնահատականների հետ և երբեք չպետք է կաշկանդված լինի նման երևույթներով: Մինչդատական վարույթում կալանավորման հարցի քննարկման համար կարևոր նշանակություն ունի նաև դատական պրակտիկան, որը ևս հաշվի է առնվում նախաքննական մարմինների կողմից: Վերջերս դատարանը մերժել էր երկու անձանց սպանության պարտակման մեջ մեղադրվող, ինչպես նաև դանակի ութ հարվածով մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս հասցրած անձանց կալանավորելու քննիչի միջնորդությունները, քանզի կալանքը հանդիսանում է ծայրահեղ խափանման միջոց և կարող է կիրառվել միայն այն դեպքերում, երբ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Ձեզ կհետաքրքրի...