ԱՄՆ-ն ՀՀ-ում զբաղված է կենսաբանական ծրագրերով՝ չբացատրելով դրանց էությունը. ՌԴ դեսպանություն
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է արդյունավետ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում։ Դրա ակտիվացմանը նպաստեց 2021 թվականի մայիսին կենսաբանական անվտանգության ապահովման երկկողմ փոխըմբռնման միջկառավարական հուշագրի ստորագրումը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարությունում․
«Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում իրականացվում են մի շարք հաջողված ծրագրեր, որոնց արդյունքում իրականացվել է սանիտարահամաճարակային իրավիճակի արդյունավետ մոնիտորինգ, տեղեկատվության փոխանակում, կարևոր գիտական հետազոտությունների կատարում, տեխնիկական և մեթոդական աջակցության տրամադրում։ Ապահովվել է Հայաստանի լաբորատոր ցանցի կատարելագործում և պրոֆիլային մասնագետների պատրաստում։
ՄԻԱՎ-ի դեմ պայքարում երկկողմ համագործակցության շնորհիվ Հայաստանը դարձավ առաջին երկրներից մեկը, որտեղ վերացվել է ՄԻԱՎ-ի փոխանցումը մորից երեխային։ Ռուսաստանի կողմից փոխանցված շարժական լաբորատորիաների օգտագործմամբ և համատեղ աշխատանքի շնորհիվ կանխվել է բնական օջախներից ժանտախտի և այլ վտանգավոր վարակների արտազատումը Հայաստանի տարածքում։
Միևնույն ժամանակ, կենսաանվտանգության մասին հիշյալ հուշագրի կատարման համատեքստում մենք դեռևս ունենք հարցեր՝ կապված կենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Հայաստանի փոխգործակցության մասին ստացվող տեղեկատվության հետ, ներառյալ. ռազմական գերատեսչությունների միջոցով։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թիրախավորում է իր կողմից ֆինանսավորվող Ռ.Լուգարի անվան կենտրոնը Վրաստանում՝ ակտիվացնելով մանրէաբանության և համաճարակաբանության ոլորտում համատեղ գիտական հետազոտությունները Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ։
Մանրակրկիտ վերլուծության է արժանի նաև արևմտյան մասնավոր ընկերությունների գործունեությունը, որոնք կենսաբանական հետազոտություններ են իրականացնում Պենտագոնի շահերից ելնելով Անդրկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում ուկրաինական կենսանախագծերին մասնակցող կառույցների առկայությունը։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չեն բացատրում, թե ինչ են անում Հայաստանում՝ ռուսական սահմաններին մոտ։ Այս գործոնը, իհարկե, մեր կողմից հաշվի է առնվում Ռուսաստանի կենսաբանական անվտանգության ապահովման համատեքստում»,- ասվում է ՌԴ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։